Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մի երեխա գազի բալոն է գտել, բերել է, դպրոցի միջանցքում բաց է թողել»․ Մուսալեռի դպրոցից «Էջմիածին» ԲԿ հոսպիտալացված 8 երեխաներից 5-ը դուրս են գրվել․ նրանք ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, թուլություն

«Մի երեխա գազի բալոն է գտել, բերել է, դպրոցի միջանցքում բաց է թողել»․ Մուսալեռի դպրոցից «Էջմիածին» ԲԿ հոսպիտալացված 8 երեխաներից 5-ը դուրս են գրվել․ նրանք ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, թուլություն
Հասարակություն
15:10, 15 декабрь 2023
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի մարզի Մուսալեռ վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն և Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասն էլ՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Այս առնչությամբ Civic.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեռևս երեխաներից 8-ն են բուժօգնության համար դիմել, և բոլոր դիմողների վիճակը բավարար է։

«Պատճառը դեռ չենք կարող ասել, մեր տիրույթում չի, բայց այն երեխաները, որոնք հոսպիտալացվել են, նրանց առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում։ Էջմիածնի ԲԿ հոսպիտալացված 8 երեխաների մոտ նկատվել էր սրտխառնոց, գլխապտույտ, թուլություն, նրանցից 5-ը դուրս են գրվել, երեխաների վիճակը թեև բավարար է, սակայն գտնվում են բժիշկների հսկողության տակ»,-փոխանցեցին նախարարությունից։

Նախարարությունից նաև տեղեկացրին, որ մյուս 7 երեխաները ԲԿ-ներ տեղափոխվել են անձնական մեքենաներով, մի մասն էլ դեռ ճանապարհին են, սակայն երեխաների մոտ ծայրահեղ ծանր վիճակ չէ։

Iravaban.net-ի հետ զրույցում Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը հայտնել էր, որ հավանական պատճառն արդեն պարզել են։

«Մի երեխա գազի բալոն է գտել, «պերցովկա» են ասում։ Ասում է՝ Երևանի փողոցներից է գտել, բերել է դպրոցի միջանցքում բաց է թողել այն, երեխաների մոտ հազ էր սկսվել։ Փառք Աստծո, որ պատճառը իմացանք»,-նշել է տնօրենը։