Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը

«Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը
Հասարակություն
14:01, 14 сентябрь 2021
Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Նրանք փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը:

Ցուցարարները պահանջում են ավագանու անդամների հետ հանդիպում։ Նրանց ձեռքին կան պաստառներ «Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում» կարգախոսներով։

«Այսօր ավագանու նիստում հնչեց խոսք, որ իբր շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են, ինչն էլ մեզ ստիպեց գնալ այս քայլին ու փակել փողոցը: Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանալ այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»,- ասաց բնակիչներից մեկը:

Ցուցարարները դիմելով ճանապարհով անցնող վարորդներին, կոչ անելով միանալ իրենց ակցիային։ Ոստիկանները փորձեցին ազատել ճանապարհը՝ բերման ենթարկելով ցուցարարներին։

Քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը դուրս եկավ քաղաքացիների հետ հանդիպելու։ Նա նշեց, որ ինքը կապի մեջ է եղել բնակիչների հետ, տեղյակ պահել, որ ժամը 13։00-ին կհանդիպի նրանց հետ։ Ցուցարարները պահանջեցին քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայությունը և բոյկոտել նիստը։

«Ես մեր բալկոնից տեսնում եմ ինչպես են ծառերը կտրում, 60 տարեկան ծառեր։ Սա վանդալիզմ է», - նշեցին քաղաքացիները։

Քաղաքպետարանի ներկայացուցիչը նշեց, որ, եթե քննիչի կողմից միջնորդություն լինի շինարարությունը կասեցնելու, քաղաքապետարանը կկասեցնի, սակայն այդպիսի միջնորդություն չկա։

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը  նաև ջրադուլ է հայտարարել: