Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորցրել եմ գյուղս, հորս արյամբ շաղախված հողը, բայց ոչ հավատս. Ավետարանոցի դպրոցի ուսուցչուհի․ artsakhpress.am

Կորցրել եմ գյուղս, հորս արյամբ շաղախված հողը, բայց ոչ հավատս. Ավետարանոցի դպրոցի ուսուցչուհի․ artsakhpress.am
Հասարակություն
15:53, 05 октябрь 2021
Հոկտեմբերի 5֊ը՝ որպես Ուսուցչի տոն, նշվում է 1994թ.֊ից։ Օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Ուսուցիչների տոնի առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից տեղահանված Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիաննա Բաղրյանի հետ, ով 7 տարի շարունակ դասավանդել է հարազատ կրթօջախում իսկ պատերազմից հետո աշխատանքի անցել «Արցախպրես» լրատվական գործակալությունում՝ որպես ռուսերենի թարգմանչուհի։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ ուսուցչի ճանապարհը և՛ բարդ է, և՛ պատասխանատու։

«Ուսուցիչը նախ և առաջ աշակերտի ավագ ընկերն է։ Նա պետք է կարողանա երեխայի հետ անցնել դպրոցական կյանքի ճանապարհը՝ հաղթահարելով շրջապատող աշխարհի բոլոր խոչընդոտները:

Նրա կարևորագույն առաքելությունը լավ մարդ, պետության համար պիտանի քաղաքացի դաստիարակելն է, և իրենից հետո անուն թողնելը։ Լավ ուսուցչից միշտ պետք է շնորհակալ լինել»,- ասել է Մ. Բաղրյանը։

Նրա խոսքով, այսօր, ապրելով ծանր ժամանակներ, ուսուցիչը պետք է իր մեջ ուժ գտնի և կարողանա դասասենյակ մտնել՝ մի կողմ թողնելով բոլոր դժվարությունները, քանի որ նրան են վստահել հայոց բանակի ապագա պաշտպանին կրթելու վեհ գործը։

«Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն դաստիարակել, որպեսզի վաղը ունենանք մեր երազանքների Արցախը, որպեսզի կարողանանք բուժել մեր երկրի վերքերը, և հավատով լցվենք Արցախի բաղձալի ապագայի նկատմամբ։ Ճիշտ է, կորցրել եմ գյուղս, հորս արյամբ շաղախված հողը, բայց ոչ հավատս »,- ընդգծել է Մ. Բաղրյանը՝ զրույցի վերջում շնորհավորելով լույսի և բարու բոլոր սերմնացաններին և բարեմաղթելով սերունդներին կրթել միմիայն խաղաղ Հայրենիքում։