Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ 2022 թ․բյուջեով նախատեսել են համապատասխան սարք-սարքավորումներ, որպեսզի կարողանան պաշտպանել կառավարման համակարգի կայքերը․ ԱԱԾ պետի տեղակալ

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանին հարցրեց, թե ԱԱԾ 1138 ծրագրի հետախուզական, հակահետախուզական այդ հատվածում կա 14 տոկոս գումարային աճ, բայց նաև որոշակի մարտահրավերներն են ակնհայտորեն ավելացել, արդյո՞ք այդ գումարը բավարար է նոր ստեղծված մարտահրավերներն ամբողջությամբ լուծելու համար։

«Ես սա ինչու եմ ասում, որովհետև, հատկապես 44-օրյա պատերազմի համատեքստում, օրինակ՝ կիբեռհանցագործություններ, առհասարակ 1138 ծրագիրը, երբ որ դիտարկում ենք մենք տեսանք նաև, որ մեծ կիբեռհարձակումներ կային և ըստ էության, դրանց բացահայտման, կանխման գործողությունները նաև ԱԱԾ-ի գործառույթներից են, այս մասով ունենք առանձնացված գումար, որ պետք է ավելացնենք նաև այդ ուղղությամբ։ Որովհետև ես կարծում եմ, որ նույնիսկ այլ հավասար պայմաններում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի շատանալու է և դրա դիմաց պետք է ԱԱԾ-ի կարողությունների շարունակականության զարգացում տեղի ունենա»,-ասաց Գևորգ Պապոյանը։

Ի պատասխան ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանն ասաց, որ այնտեղ կիբեռանվտանգության հետ կապված մի տող ունեն, որտեղ նախատեսել են համապատասխան սարք-սարքավորումներ, որպեսզի կարողանան պաշտպանել գոյություն ունեցող կառավարման համակարգի կայքերը, որպեսզի այդ հարձակումներին կարողանան դիմակայել։ 

«Բացի դրանից 11001 միջոցառման թիվը, որ ձեզ մի քիչ մեծ է թվում, այնտեղ, համաձայն զինվորականների ավելացման, հանդերձանքի հետ կապված խնդիրներ կար, սննդի հետ կապված խնդիրներ կան, դրանք բոլորը ներառված են 11001 ծրագրում, որպեսզի կարողանանք ապահովել նրանց կենցաղային պայմանները»,-ասաց ԱԱԾ պետի տեղակալը։