Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում նոր սահմանափակումներ կմտցվեն

Արցախում նոր սահմանափակումներ կմտցվեն
Հասարակություն
21:51, 19 ноябрь 2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ:

Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ: Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը:

Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է: Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը: Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ։