Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթանում է Ցորի զորամասի զինծառայողների հոգեհանգիստը. գործով մեղադրյալի պաշտպանը մանրամասներ է ներկայացնում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթանում է Ցորի զորամասի զինծառայողների հոգեհանգիստը. գործով մեղադրյալի պաշտպանը մանրամասներ է ներկայացնում
Հասարակություն
16:46, 02 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթանում է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆիզուլիի Ջուվառլու կոչվող բնակավայրում զոհված Ցորի զորամասի 20 զինծառայողներից 9-ի հոգեհանգիստը։ Նշենք, որ Ադրբեջանը ավելի քան մեկ տարի անց միայն՝ նոյեմբերի 2-ին, հայկական կողմին հանձնեց զինծառայողներից 11-ի մասունքները, իսկ 9 զինծառայողների մարմինները գտնվել էին ավելի վաղ։   

Ցորի զորամասի 20 զինծառայողների մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար հարուցված է քրեական գործ, և այդ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված մայոր, ԱՀ բանակի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանին՝ անգործություն դրսևորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործով միակ մեղադրյալը իր պաշտպանյալն է և մոտ 4 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իսկ քրեադատավարական առումով, փաստերի տեսանկյունից որևէ փոփոխություն չկա։

Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Գևորգյանին մեղսագրված է մի արարք, որի հետ նա կապ չունի, ըստ նրա՝ իրական մեղավորները ազատության մեջ են։ Գոռ Գևորգյանը նշեց, որ այս գործով հարցաքննվածների շարքում են նաև դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանը, ով հիմա պաշտոն է զբաղեցնում ՀՀ պաշտպանության նախարարությունում։  

«Ցորի զորամասի 20 զինծառայողները երկու օր եղել են Ջուվառլու կոչվող բնակավայրում մինչև հոկտեմբեր 12-ը։ Հայկ Թովմասյանը, ով եղել է դիվիզիոնի հրամանատարը և գտնվել է այնտեղ, նկատել է զորքի տեղաշարժ, զեկուցել է Գենադի Բաղդասարյանաին, իսկ նա էլ զեկուցել է Ջալալ Հարությունյանին։ Սակայն Ջալալ Հարությունյանն ասել է՝ այդ տեղանքում մեր զինվորներից կան, ասել է՝ մերոնք են, մի կրակեք»,- ասաց փաստաբանն ու նշեց, որ Ջալալ Հարությունյանի խոսքերը հաստատել է Գենադի Բաղդասարյանը, ով այդ ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրետանու պետն էր. «Ովքեր տեսել են, նկարագրում են, որ հակառակորդի 250-հոգանոց զորախումբ է եղել, ըստ հիմնված փաստերի՝ թշնամին եղել է 4 կմ հեռավորության վրա։ Իսկ մեր զորքը մինչ այդ նկատել է այդ զորաշարժն ու զեկուցել է Ջալալ Հարությունյանին, որ մեծ թվաքանակով զորաշարժ ունենք, Ջալալ Հարությունյանն ասել էր, որ այդ տեղանքում մենք զորք ունենք։ Ջալալ Հարությունյանն իր ցուցմունքում թեպետ նշել է, որ չէր կարող հաստատ ասել, որ մեր զորքի տեղաշարժն է, քանի որ տեսախցիկ, ԱԹՍ չուներ այդտեղ տեղադրած։ Իսկ Գենադի Բաղդասարյանն էլ ասել է, որ Ջալալ Հարությունյանը հաստատ ասել է՝ տղերքին ասա՝ չկրակեն, դրանք մերոնք են։ Դեպի թշնամին գտնվող զորքից 1 կմ հեռու է եղել Հայկ Թովմասյանը, այսինքն՝ այնտեղ, որտեղ Գևորգ Գևորգյանն է եղել՝ այդտեղից 1 կմ բարձունքի վրա. դա կոչվում է դիտակետ, որտեղ գտնվում են սպաներն ու նայում են խոցելիությունը խփած տեղերի։ Նախաքննական մարմինը պետք է հարց ուղղի Հայկ Թովմասյանին՝ դու ինչի՞ համար էիր, որ չես նկատել հակառակորդի զորքի ավելի մոտենալը»։ 

Գոռ Գևորգյանի ներկայացմամբ՝ երբ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը հայտնաբերել է իրենց շրջանցած թշնամու զորախումբը ու ռացիայով կապ է տվել և ասել՝ ով ոնց կարա, թող տարածքից դուրս գա, այդ պահից սկսած 1 րոպեի ընթացքում մեր տղաները զոհվել են, որովհետև որևէ մեկը չի պատկերացրել, թե թշնամին որ կողմում է. «Գևորգ Գևորգյանը որևէ զորքի ստորաբաժանման՝ կոնկրետ տեղակայման հետ կապված իրենց կողքը գտնվելու պարտականություն չուներ, նա դուրս է եկել այնտեղից, որտեղից իբրև թե պետք է կազմակերպվեր նահանջը, բայց նահանջի հրաման էլ չի եղել։  Հայկ Թովմասյանի հրամանից հետո է Գևորգ Գևորգյանը փախել։ Առաջին ու երկրորդ մարտկոցը հավասարաչափ հեռու էին 500 մետրից ավելի, իսկ նա մեջտեղում էր։ Եթե 500 մետրը հաղթահարեր ու գնար առաջ՝ մինչև հասներ, այդ հետևանքը վրա հասած էր լինելու, իսկ եթե գնար երկրորդ մարտկոցի ուղղությամբ՝ այդ պահին թշնամին այնտեղ չէր։ Հետևաբար ո՞ր տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ ասում են, որ Գևորգ Գևորգյանը դիմել է անգործության»։ 

Փաստաբանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը՝ Գևորգ Գևորգյանը, առերեսվել է իր դեմ ցուցմունք տված սպա Արիկ Գոքորյանի հետ, ով այդ մարտկոցի ավագ սպան է եղել, և որը գրել էր, որ Գևորգ Գևորգյանը փախել է. «Դա հենց այն մարտկոցն է, որի զինծառայողները զոհվել են։ Ես հարց ուղղեցի Արիկ Գոքորյանին՝ երբ Դուք ասում եք՝ Գևորգ Գևորգյանը փախել է, դուք չե՞ք փախել, որ փրկվել եք։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ իրականում ամեն մեկը որևէ ձևով փախել է, որ փրկվել է։ Հերթական հարցս Արիկ Գոքորյանին հետևյալն էր՝ եթե Գևորգ Գևորգյանը չփախներ թշնամուց, ի՞նչ գործողություն պիտի աներ, որ այդքան զինծառայող չզոհվեին, ասում է՝ չէր կարող որևէ բան անել, որովհետև հակառակորդի մոտավորապես 250-հոգանոց զորախումբը մտել էր մեր դիվիզիոնի մեջ»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները այս գործով մեղադրում են ոչ միայն Գևորգ Գևորգյանին, ով, նրանց խոսքով, նստել է ավտոմեքենան ու փախել՝ իր հետ տանելով մի քանի զինծառայողների, այլև Ջալալ Հարությունյանին։ Նրանց խոսքով՝ բարձր հրամանատարության սխալ տեղեկատվության պատճառով են իրենց տղաները հայտնվել հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի նշանառության ներքո։

Զոհված տղաներից մեկի հայրը՝ Արմեն Ասրյանը, մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իրենք հետևողական են քրեական գործի ընթացքին, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։  

Նարա Մարտիրոսյան