Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութի Ջուվառլուում անհետ կորած և զոհված 21 զինվորների ծնողները հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության․ փաստաբան

Հադրութի Ջուվառլուում անհետ կորած և զոհված 21 զինվորների ծնողները հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության․ փաստաբան
Հարցազրույց
14:12, 07 сентябрь 2021
2021 թվականի հունվարի 26-ին, երբ հարուցվել է քրեական գործ Ջուվառլու (Ֆիզուլիից վերև՝ դեպի Հադրութ գտնվող տարածք) կոչվող տարածքում Դ-20 հրետանային 1-ին դիվիզիոնի զոհված և անհետ կորած 21 զինծառայողների գործով, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ներգրավվել է որպես զինծառայողների հարազատների ներկայացուցիչ։  

Civic.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ Դ-20 հրետանային 1-ին դիվիզիոնի զինծառայողների ծնողներն իրենք էին դիմումներ ու  հաղորդումներ ներկայացրել թե՛ դատախազությանը և թե՛ քննչական մարմիններին, համաձայն որոնց՝ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ իրենց հարազատների հետ կապված թույլ են տրվել տարբեր խախտումներ, և սպայական կազմի որոշ անդամների գործողությունների հետևանքով է, որ իրենց երեխաները կա՛մ զոհվել են, կա՛մ անհետ կորել։

Փաստաբանի խոսքով՝ դրանից հետո հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի  376-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ ՊԲ 46-492 զորամասի համապատասխան հրամանատարական կազմը ՀՀ կառավարության թիվ 15-86-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, սահմանված կարգով  չի տվել համապատասխան հրահանգներ և չի իրականացրել անձնակազմի նահանջի ճիշտ ղեկավարում, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ 

«Այն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին առաջին դիվիզիոնի զինծառայողները Ջուվառլու կոչվող տեղանքում հակառակորդի կողմից ենթարկվել են հարձակման, որի ժամանակ դիվիզիոնի անձնակազմը տվել է զոհեր, վիրավորներ, և այս պահի դրությամբ հայտնի է, որ 21 զինծառայողներից 7-ի մասունքներ կամ մարմիններ են հայտնաբերվել, իսկ մնացածի մասով տեղեկություններ ուղղակի չկան։ Նշված գործով մեղադրանք է առաջադրվել հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանին»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Հարցին, թե այս պահին միայն Գևորգ Գևորգյանի՞ն է մեղադրանք առաջադրվել, փաստաբանն ասաց, որ ծնողները հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության. իրենց ունեցած տվյալներով՝ կան այդպիսի փաստեր։ Հիշեցնենք, որ Գևորդ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ տեղի ունեցածի համար միանշանակ պատասխանատու անձինք են, ոչ մեղավոր, Ջալալ Հարությունյանը և հրետանու պետ Գ. Բաղդասարյանը։ 
 
«Եվ կարծիքն այն է, որ մեղադրյալի փաստաբանի կողմից հնչեցված անունները պատահական չեն, և կարծում ենք, որ նրանք էլ են մեղավոր այս դեպքի հետ կապված։ Թե ամեն մեկը ինչ չափով և ինչ արարքի համար, համոզված եմ, որ նախաքննական մարմինը բազմակողմանի, լրիվ, ամբողջական քննություն կկատարի և նրանց ևս մեղադրանքներ կառաջադրի, այդ թվում՝ թե՛ Ջալալ Հարությունյանին, թե՛ Գ. Բաղդասարյանին և թե մյուսներին»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը։    

Հարցին, թե հարցաքննվե՞լ է արդյոք Ջալալ Հարությունյանը, փաստաբանն ասաց, որ լրատվությամբ տեղեկություն տարածվեց, որ հարցաքննվել է, բայց թե ինչ բովանդակությամբ ցուցմունք է տվել՝ տեղեկություն չունի, քանի որ նախաքննական գաղտնիք է, սակայն կարծում է, որ նման պայմաններում, երբ առկա են Գևորգ Գևորգյանի փաստաբանի կողմից հնչեցված որոշակի մտքեր, կլինեն առերեսումներ և այլ քննչական գործողություններ։ 
 
«Շատ հետաքրքրական է, որ տվյալ տարածաշրջանում՝ Ջուվառլուի հատվածում, եղել են մի քանի սպաներ, և ուղղակի վերջում այնտեղ մնացել են երկու սպա, որոնցից մեկը՝ Ավանեսյան ազգանունով, զոհվել է, մյուսի վերաբերյալ տեղեկություն չկա, իսկ մնացած սպայական անձնակազմի անդամներն ուղղակի զինվորներին թողել են այնտեղ և  փախել են՝ ըստ քրեական գործի նյութերի։ Այստեղ, ըստ քրեական գործի նյութերի և հարազատների հայտնած տվյալների, մի հանգամանք էլ կա, որ մի զինծառայողի վերաբերյալ կար նաև տվյալ այն մասին, որ մեքենան վրաերթի է ենթարկել այդ տղային՝ Հայկ անունով, սակայն անհասկանալի է, որ այնտեղից փախնողները գոնե այդ վիրավորված, թեկուզ մեքենայի տակ ընկած կամ մեքենայի հարվածից վնասվածք ստացած անձին էլ են թողել այդտեղ ու փախել։ Ես կոնկրետ անուններ չեմ ասում, բայց գոնե փաստը կա»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Վերջինս կարծում է, որ գործի նախաքննությունն այդքան էլ շուտ չի ավարտվի, որովհետև մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ պահանջող գործ է, և լիահույս է, որ մանրակրկիտ քննություն կկատարվի։

Նա տեղեկացրեց, որ թե՛ տուժողների հարազատները, թե՛ ինքը պատրաստակամ են ամեն ինչով օգնելու։ 

Ի հավելումն՝ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Ջուվառլուից գտնված զինծառայողների մարմինները, մասունքները, հայտնաբերվել են բացառապես հարազատների փնտրելու արդյունքում. նրանք իրենց հնարավորություններով, միջոցներով կարողացել են գնալ և  այնտեղ գտնվող իրենց զինծառայողների մարմինները և մասունքները բերել։ 
          
Լիլիթ Թադևոսյան