Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները բարձր են վարձատրվում, պատգամավորները 13-րդ աշխատավարձ են ստանում, իսկ դիրքապահներն իրենց անտեսված են զգում. Զինծառայողների հարազատներն ահազանգում են

Պարեկները բարձր են վարձատրվում, պատգամավորները 13-րդ աշխատավարձ են ստանում, իսկ դիրքապահներն իրենց անտեսված են զգում. Զինծառայողների հարազատներն ահազանգում են
Հասարակություն
16:46, 27 декабрь 2021
«Պայմանագրային զինծառայողները դեկտեմբեր ամսվա աշխատավարձն ու հավելավճարները կրկին միանվագ չեն ստացել՝ 175-180 հազար դրամի փոխարեն դեկտեմբերի 20-ին ստացել են 108.000 դրամ, իսկ հավելավճարները փոխանցելու են մինչև հունվարի 7-ը»,- այս խնդրով Civic.am-ի խմբագրություն են ահազանգել Տավուշի մարզի զորամասերի պայմանագրային զինծառայողների հարազատներից ոմանք:

«Խնդիրն առաջին հերթին այն է, որ ՀՀ սահմանային դիրքերը պահող զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չկա՝ ի տարբերություն մյուս կառույցների, օրինակ՝ Ոստիկանության ծառայողների»,- նշեցին նրանք ու ընդգծեցին, որ Ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում: 

«Զինծառայողները ցանկացած եղանակային պայմաններում դիրք են պահում, իրենց ընտանիքից հեռու, բացի այն բանից, որ աշխատավարձի բարձրացում չկա, նաև պարգևավճարներ չեն տրամադրում՝ ի տարբերություն մյուս կառույցների, որտեղ տասներեքերորդ աշխատավարձ են տալիս»,- դժգոհեցին զինծառայողների հարազատները: 

Նշենք, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել, ըստ որի՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները  կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ:
Զինծառայողների հարազատները բողոքում են՝ զինծառայողներն իրենց անտեսված են զգում. «Երբ պատերազմ կամ որևէ ռազմական հարձակում է լինում, վտանգի տակ սահմանային դիրքերը պահող զինծառայողներն են: Նույնիսկ կան դիրքապահներ, որ մտորում են՝ գուցե իրենք էլ պարեկ աշխատեն, որ բարձր աշխատավարձ ստանան: Գոնե տարվա մեջ մեկ անգամ դիրքապահներին տասներեքերորդ աշխատավարձ տրամադրեն»,- ասացին նրանք:  

Մեր զրուցակիցները հավելեցին նաև, որ նախորդ ամիսներին էլ ՊՆ-ի պայմանագրային զինծառայողները նույն կերպ են վարձատրվել՝ տվյալ ամսվա աշխատավարձը փոխանցվել է ամսվա վերջին, իսկ հավելավճարները հաշվարկվել և փոխանցվել են հաջորդ ամսվա սկզբին, մինչդեռ նախորդ տարիներին աշխատավարձերն ու հավելավճարները միասին են փոխանցվել, այսինքն՝ վճարման կարգն է փոխվել:

Նշենք, որ այսօր ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել զինծառայողների աշխատավարձը «մասնակի» փոխանցելու մասին: ՊՆ-ից ընդգծել են, որ զինծառայողների բուն աշխատավարձը փոխանցված է, իսկ հավելավճարները կփոխանցվեն հաջորդ ամսվա սկզբին, և նշել են, որ դա կապված չէ աշխատավարձերի ֆինանսավորման հետ. «Զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները տվյալ դեպքում կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նարա Մարտիրոսյան