Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել

Սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել
Հասարակություն
14:18, 01 ноябрь 2021
ԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հարցրեց, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սահմանապահ զորքերում սպաների, պայմանագրային անձնակազմի աշխատավարձի կամ հավելավճարների ավելացում:

«Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով: Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ դրա պատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից: Սակայն այդ ուղղությամբ աշխատելու հանձնարարությունն արդեն կա:

«Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձևով կարգավորել այդ հարցը»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: