Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներին այլ վայրում ավելի լավ պայմաններ են առաջարկվել, սակայն նրանք չեն ուզում փոփոխություն. սոցապ նախարարի խոսնակ

Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներին այլ վայրում  ավելի լավ պայմաններ են առաջարկվել, սակայն նրանք չեն ուզում փոփոխություն. սոցապ նախարարի խոսնակ
Հասարակություն
17:45, 03 январь 2022
Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց:

Նշենք, որ կացարանը հունվարի 1-ից փակվել է, և ըստ նոր որոշման՝ բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամաս, սակայն նրանք հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի կացարանից և տեղափոխվել նոր կացարան։  

Խնդրի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ բնակիչներին այսօր նախարարությունում ընդունել են համակարգող փոխնախարարը, գլխավոր քարտուղարը և նախարարության այլ աշխատակիցներ: Հանդիպման ժամանակ բնակիչները հայտնել են, որ պարզապես չեն ցանկանում տեղափոխվել։
 «Մի դեպքում ասում էին՝ պայմանները, հետո երբ որ պարզաբանեցինք, որ պայմանները նույնիսկ ավելի լավը կլինեն, քան հիմա է, նրանք ասացին, որ նույնիսկ եթե ամենալավ պայմաններն էլ լինեն, իրենք չեն ուզում փոփոխություն։ Պայմանագիր կար կնքված «Կոֆոեդ» հիմնադրամի հետ դրամաշնորհային մրցույթների շրջանակում, ծառայություններ էին մատուցում անօթևան քաղաքացիներին, սակայն պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին, դրա համար մենք դրամաշնորհային նոր մրցույթ էինք հայտարարել, որին կարող է մասնակցել չափորոշիչներին  համապատասխան ցանկացած կազմակերպություն, սակայն մասնակցություն չի եղել, այլ կազմակերպություններ չեն դիմել, իսկ «Կոֆոեդ»-ը չի մասնակցել, որովհետև մեկ այլ ծրագրի շրջանակում  նախարարությանը մատուցել է ոչ պատշաճ ծառայություններ, դրա պատճառով ֆինանսների նախարարության կողմից դասակարգվել է ու բնականաբար չի կարողացել մասնակցել դրամաշնորհային մրցույթին»,- ասաց Զարուհի Մանուչարյանը։

Նախարարի մամուլի քարտուղարի խոսքով՝ բնակիչներն առաջարկում էին լրացուցիչ պայմանագիր կնքել, ժամանակը երկարաձգել, ինչ-որ տարբերակներ, որոնք զուտ ընթացակարգային առումով նախարարությունը չի կարող անել, որովհետև փաստացի կազմակերպությունը դասակարգված է ու չի կարող ծառայություն մատուցել, բայց այն ժամանակ, երբ քաղաքացիները ծանուցվել են, որ պետք է տեղափոխվեն, հենց այդ վայրկյանից արդեն եղել է այլընտրանքային առաջարկը։ 
  
Նա նշեց՝ քանի որ մրցույթում հաղթող կազմակերպություն չեն ունեցել, ու քանի որ չէին կարող անօթևաններին ուղղակի մի կազմակերպությունից հանել ու թողնել դրսում, որպես այլընտրանքային տարբերակ նրանց առաջարկել են տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենք։
  
Զարուհի Մանուչարյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկվող  տարբերակում ավելի թեթև կլինի, մի սենյակում ավելի քիչ անձ կլինի, ավելի հարմար պայմաններ կլինեն, քան որում բնակվել են։

«Ընդ որում, զուգահեռ կընթանան նաև շինարարական աշխատանքներ, և ներկայիս պայմաններն ավելի կբարելավվեն տեղափոխվելուց հետո»,- ասաց Զարուհի Մանուչարյանը։

Լիլիթ Թադևոսյան