Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասեղաններում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:

Առողջապահության նախարարի խոսքով՝ վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները:

Վարչապետը հստակեցրեց, որ փաստորեն հանրային կյանքում ծխախոտի տուփը վիզուալ չպետք է երևա ցուցափեղկերում. «Խորհրդային բառապաշարով ասած՝ ծխախոտը պետք է տակից վաճառեն, և որևէ տեղ մարդը ծխախոտի տուփ չպետք է տեսնի: Նախկինում ծխախոտի ստենդները դրված էին ելքի մոտ, և փաստորեն ամեն ինչ արվում էր, որ մարդը չմոռանա ծխախոտ գնել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել. սա է մեր քաղաքականության էությունը»:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը հանրային առողջության վրա. «Ամենակարևորը կանխարգելիչ գործողությունն է, ոչ թե թողնել, որ մարդը հիվանդանա: Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը նաև բոլոր փակ տարածքներում»: