Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Հասարակություն
17:48, 12 октябрь 2021
Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: 17 տարի առաջ` հոկտեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան, որին ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար: 

Նախորդ տարի Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի պահանջներին:

2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:

Օրենքի հիմնական դրույթները ստորև.

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.

• 18 տարին չլրացած անձանց, 

• ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,

• բաց տուփով կամ հատով վաճառքը, 

• թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա, 

արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը,

արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: 

Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում` 

• բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում,  մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում ուսումնական հաստատություններում և  դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,

• համայնքի կողմից  երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,

• պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, 

• պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,

• վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,

• հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ,

• hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, 

• աշխատանքային այլ փակ  տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,

• առևտրի կենտրոններում,

• հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում,

• ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները: 

Արգելվում են գովազդի, իրացման  (վաճառքի)  խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

2022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է`

• հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, 

• ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում

2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:

Հիշեցնենք, որ օրենքի դրույթներն ուժի մեջ աստիճանաբար մտնելու նպատակը հանրությանը և տնտեսվարողներին ժամանակ տալն է ու դրան պատրաստվելը: