Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտների հրապարակային ցուցադրման արգելքը. ՀՀ-ում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը. նախարար

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2022 թվական ենք մտնում բարեփոխումների մեկնարկով, և մասնավորապես նկատեց, որ դրանցից մեկը հակածխախոտային օրենսդրությունն է:
Այս առնչությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ այս քայլը խթան կլինի ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և քաղաքացիներին ավելի առողջ պահելու հանձնառությանը:

«Հայաստանում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը, ծխողների 51 տոկոսը տղամարդիկ են, այսինքն՝ ծխող է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը: Մեր քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասների կանխմանը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին տնտեսվարողներին հնարավորություն և ժամանակ է տրվել իրենց գործունեությունն այնպես դասավորել, որ հնարավորինս նվազ վնասներ պատճառվեն այսօրվա դրույթների կիրառման դեպքում. «Այսպիսով հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասեղաններում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութները: Ուժի մեջ է մտնում նաև նույն արտադրատեսակների նաև մակետների և դրանց գովազդային ցուցադրության արգելքը»: