Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վատ է, որ ունենք իրավիճակ, երբ մեդիա դաշտը նստած է բուքմեյքերական գովազդի ասեղի վրա. Բաբկեն Թունյան. Տեսանյութ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հայտնելով իր կարծիքը նախագծի վերաբերյալ, ասաց, որ բուքմեյքերական ընկերությունների ու ընդհանրապես խաղամոլության թեման շատ վաղուց է քննարկվում, ու այս նախագիծը բավականին վաղուց դրված էր հանրային քննարկման, և հարցը մի քանի ասպեկտ ունի։ 
Նա նշեց, որ գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հարցը վերաբերում է՝ և՛ բուն բուքմեյքերական ընկերություններին, և՛ մեդիա դաշտին, և՛ գովազդային գործակալություններին, դրա համար մի քանի անգամ հանդիպել են տարբեր շրջանակների հետ և քննարկել հարցը։  

 Պատգամավորի խոսքով՝ ինքը համաձայն է, որ գովազդի սահմանափակումներ մտցնելով այս խնդիրը չի լուծվում, բայց նաև սա այն լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել այս երևույթի  հետագա ավելի արագ տարածումը, ճիշտ նույն կերպ, ինչպես ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների դեպքում։ 

«Ցավոք սրտի, վատ է, որ ունենք այս իրավիճակը, երբ մեդիա դաշտը նստած է  բուքմեյքերական գովազդի ասեղի վրա՝ պայմանական ասած, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու ոնց որ ֆինանսների նախարարության մեր գործընկերներն էլ համակարծիք են, որ լուծումը պետք է փորձենք հնարավորինս անցնցում կազմակերպել, որ իրենք էլ ադապտացվելու ժամանակ ունենան»,- ասաց Բաբկեն Թունյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: