Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ. Արցախի ՊԲ հրամանատարի ուղերձը

Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ. Արցախի ՊԲ հրամանատարի ուղերձը
Հասարակություն
13:05, 28 январь 2022
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ.
 
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի զինակից ընկերներ.
 
Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ Հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են մեր տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար:
 
Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական:
Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի, նրանց հարազատների և մարտական ընկերների առջև:
 
Շնորհավորանքներս՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել Հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը:
 
Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորորելով մեր բոլոր հայրենակիցներին՝ ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»: