Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վաճառվել է․ հայտնի է նոր սեփականատերը

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վաճառվել է․ հայտնի է նոր սեփականատերը
Հասարակություն
18:22, 10 февраль 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր իմ հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ 

29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի, 
  • 1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը,
  • 2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը,
  • 3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը,
  • 4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը,
  • 5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը,
️Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։  

Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։

️Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ 2002թ. հիմնադրված «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»  ընկերությունը զբաղվում է ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրմամբ։ Տնօրենն է Նարեկ Նալբանդյանը։

Այս ընկերության համար կառավարությունը 2019-ին տեղի ունեցած նիստերից մեկում արտոնություններ սահմանեց։ Նախ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգեց ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019թ. նոյեմբերի 15-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, hետո՝ նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից։