Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ուսի կոտրվածք էր ստացել, վիրահատվել է

Գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ուսի կոտրվածք էր ստացել, վիրահատվել է
Հասարակություն
11:50, 16 февраль 2022
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները   «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց էին ունեցել նախորդ տարեվերջին գերությունից վերադարձված և կալանավորված Ս. Ա.-ի հետ և տեղեկացել, որ վերջինս մարտական գործողությունների ժամանակ ստացել է ուսի կոտրվածք (գերության ժամանակ որևէ բուժօգնություն չի ստացել) և սուր ցավեր ունի: Այս մասին տեղեկանում ենք դիտորդական խմբի աշխատանքների լուսաբանման պաշտոնական կայքից:

Նախկին գերին  դիտորդական խմբին հայտնել էր, որ պետպատվերի շրջանակներում պետք է կազմակերպվի ուսի վիրահատություն, սակայն որևէ տեղեկություն չունի դրա ընթացքի մասին: Խմբի անդամները հարցը քննարկել են հիմնարկի պետի հետ և տեղեկացել, որ վիրահատության հարցն ընթացքի մեջ է. այն պետք է կազմակերպվի «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Վերոգրյալի հիման վրա դիտորդների խումբը 20.12.2021 թ.-ին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ տեղեկանալու Ս. Ա.-ի նախատեսված վիրահատության մասին։
 
ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ օրերս տեղեկացրել են, որ 2021 թ. դեկտեմբերի 16-ին կալանավորված անձ Ս. Ա.-ն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Ձախ անրակի հնացած բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արթմեդ» բժշկական կենտրոն, որտեղ  հաջորդ օրը վիրահատվել է, կատարվել է ձախ անրակի օստեոսինթեզ՝ LCP մետաղական հարթակով և պտուտակներով: Հետվիրահատական շրջանը անցել է հարթ: 2021 թ.  դեկտեմբերի 22-ին դուրս է գրվել հիշյալ  բժշկական կենտրոնից և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: 

Նախարարությունից հայտնել են նաև, որ ներկայումս Ս. Ա.-ն գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ և անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

Նկատենք, որ նախկին գերին հայտնել էր նաև այն մասին, որ նոյեմբերի 7-ից հետո իր ընտանիքի անդամներին չի տեսել: ՔԿՀ-ի պետը դիտորդական խմբի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ  թեև Ս. Ա.-ն մինչև զրույցի պահը դիմում չի ներկայացրել, սակայն իրենք պատրաստ են նրան թույլ տալ՝ օգտվելու տեսակապից։ ԱՆ-ն էլ իր հերթին   պատասխան գրության մեջ հայտնել է, որ Ս. Ա.-ն մինչ գրությունն ուղարկելու պահը տեսազանգից օգտվելու դիմում չի ներկայացրել և տեսազանգի իրավունքից չի օգտվել: