Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի պատճառով մահվան քանի՞ դեպք է արձանագրվել ՔԿՀ-ներում․ Արդարադատության նախարարության տվյալները

Կորոնավիրուսի պատճառով մահվան քանի՞ դեպք է արձանագրվել ՔԿՀ-ներում․ Արդարադատության նախարարության տվյալները
Հասարակություն
16:12, 09 февраль 2022
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը՝ տեղեկանալու`արդյոք Քովիդ-19 համավարակի դրական ախտորոշումը հաստատվելուց հետո ազատազրկված անձինք անմիջապես տեղափոխվում են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Եթե ոչ, ապա հիվանդության սրացման որ աստիճանի դեպքում է անձը տեղափոխվում հիվանդանոց (բարձր ջերմություն, թոքաբորբ, սատուրացիայի որոշակի աստիճան և այլն)։ Արդյոք առկա է ուղեցույց, որով առաջնորդվում են ՀՀ ԱՆ «քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները՝ Քովիդ-19 համավարակի դրական ախտորոշում ունեցող անձանց հիվանդանոց տեղափոխելիս։ Այս մասին տեղեկանում ենք խմբի աշխատանքները լուսաբանող pmg.am կայքից։

ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ մասնավրապես հայտնել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ COVID-19 ախտորոշմամբ բոլոր ազատազրկված անձինք, ախտորոշումը հաստատվելուց անմիջապես հետո, քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ մեկուսացման և բուժման նպատակով, բացառությամբ 4-ի, որոնք առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ են տեղափոխվել անմիջապես քրեակատարողական հիմնարկից:

Արդարադատության նախարարությունն իր պատասխանում տեղեկացրել է նաեւ, որ ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց շրջանում 2019 թվականից առ 10.12.2021 թ. կորոնավիրուսային վարակի պատճառով արձանագրվել է մահվան 3 դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 

Հիշեցնենք, որ ս․թ․ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը: ՔԿՀ-ներում թույլատրվում են տեսակցություններն ազատությունից զրկված անձի և նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում: Բացառությունները վերաբերում են փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: