Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեխան չպետք է ենթարկվի մանիպուլյացիայի կամ դառնա որոշակի ազդեցության օբյեկտ. ՄԻՊ արձագանքը՝ ատելության խոսքով «ռեփ» կարդացող երեխայի մասնակցությամբ հոլովակին

Երեխան չպետք է ենթարկվի մանիպուլյացիայի կամ դառնա որոշակի ազդեցության օբյեկտ. ՄԻՊ  արձագանքը՝ ատելության խոսքով «ռեփ» կարդացող երեխայի մասնակցությամբ հոլովակին
Հասարակություն
18:39, 07 апрель 2022
«Ես համաձայն չեմ» տեսահոլովակի առնչությամբ, որում 10-ամյա երեխան ռեփ է կարդում քաղաքական թեմայով, հարցում էինք ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջին՝ մասնավորապես ճշտելու՝ արդյոք նման հոլովակում նկարահանվելը  բխո՞ւմ է երեխայի շահից, և արդյոք երեխայի իրավունքներն այսպիսով չե՞ն խախտվել՝ նրան դարձնելով քննադատության թիրախ։  

ՄԻՊ հանրային կապերից այսօր արձագանքել են մեր հարցմանը, որում մասնավորապես նշված է. «Ձեր հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանի հաստատությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, այդ թվում՝ քաղաքական հարցերով։   

Մեր Սահմանադրությունը սահմանում է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում։ 
 
Իր կարծիքն ազատ արտահայտելը նշանակում է, որ երեխան պետք է արտահայտի իր կարծիքն առանց որևէ ճնշման, արտահայտի իր, այլ ոչ թե ուրիշների կարծիքը։ Երեխայի կարծիքն իմանալու համար պետք չէ նրան անընդհատ հարցախեղդ անել, և երեխան չպետք է ենթարկվի մանիպուլյացիաների կամ դառնա որոշակի ազդեցության ու ճնշումների օբյեկտ։
 
Երեխայի այս և մյուս բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։
 
Ձեր հարցմամբ բարձրացված կոնկրետ դեպքում երեխայի լավագույն շահի մասին դատողության համար կարևոր է, որ երեխան, իր տարիքին ու հասունության աստիճանին համապատասխան, իր կարծիքի արտահայտման ու տարբեր գործընթացներին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների մասին ունենա բավարար գիտակցում։ Այլ կերպ ասած, երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի իրացման անհրաժեշտ նախապայման է, որ երեխան տեղյակ լինի նման հոլովակում նկարահանման և տարածվող բովանդակության նպատակի և հնարավոր հետևանքների մասին, և այս առումով ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք կարևոր դերակատարություն ու պատասխանատվություն ունեն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում։
 
Ինչ վերաբերում է տեսահոլովակի տարածումից հետո երեխայի թիրախավորման հարցին, ապա ուսումնասիրած չլինելով անգամ թիրախավորման բոլոր փաստերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միանշանակ դատապարտելի է համարում գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից երեխայի կողմից գիտակցված կերպով իր կարծիքի արտահայտման համար երեխայի թիրախավորումը և կոչ է անում բոլորին, այդ թվում՝ երեխայի ծնողներին և լրագրողներին, բացառել երեխայի լավագույն շահի վտանգման բոլոր տեսակի գործողությունները»։