Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ընդդիմության ցուցարարներին թվում է՝ հայրենասիրությունը Երևանի կենտրոնում ինչ-որ մեկին «թուրք» ասելն ու բռնության ենթարկելն է, ապա նրանք վտանգավոր մոլորության մեջ են. իրավապաշտպան

Եթե ընդդիմության ցուցարարներին թվում է՝ հայրենասիրությունը Երևանի կենտրոնում ինչ-որ մեկին «թուրք» ասելն ու բռնության ենթարկելն է, ապա նրանք վտանգավոր մոլորության մեջ են. իրավապաշտպան
Հասարակություն
17:01, 05 май 2022
Ընդդիմությունը փորձում է  կրկնօրինակել 2018 թվականի սիրո և համերաշխության հեղափոխությունը՝ միայն թե  ատելության  և բռնության միջոցներ կիրառելով։ 2018 թվականի հեղափոխությունը  «բաց ձեռքերի» հեղափոխություն էր, և դրա կազմակերպիչները պարբերաբար հիշեցնում էին այդ մասին՝  տեղի է ունենում ոչ բռնի, թավշյա հեղափոխություն։ 
 
Մինչդեռ  Երևանի փողոցներում արդեն երկրորդ  շաբաթը տեղի ունեցող փողոցային միջոցառումների ժամանակ հնչում է ոչ միայն ատելությամբ գերդոզավորված  խոսույթ, այլև թիրախավորվում են իշխանության համակիր, իշխանության հետ իդենտիֆիկացվող  քաղաքացիներն ու  «թուրք» որակվում։ Ավելին, նրանց նկատմամբ կիրառվում է  նաև ֆիզիկական բռնություն, ինչպես, օրինակ, երեկ երեկոյան՝ դերասան Սոս Ջանիբեկյանի, օրեր առաջ էլ՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ 
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի նստացույցի օրերին էլ  բլոգեր Ռոման Բաղդասարյանն էր բռնության ենթարկվել ընդդիմության աջակիցների կողմից։ Նկատենք, որ փողոցային ակցիաների կազմակերպիչներն իրենց կոչերում ու հայտարարարություններում  ոչ միայն տեղ են տալիս ատելությանն ու վիրավորանքին, ընդհուպ՝ ժեստերի լեզվով հայհոյանք տեղում (ինչպես, օրինակ, օրերս ցույց տվեց ՀՀԿ փոխնախագան Արմեն Աշոտյանը), այլև չեն դատապարտում բռնությունն ու ագրեսիան՝ ակամա խրախուսելով նման երևույթները։  Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած ոք, որը  ընդդիմանում է փողոցային շարժման մասնակիցներին ու քննադատում նրանց, դառնում է բռնության զոհ  ու վիրավորանքի օբյեկտ։ Համացանցում շրջանառվում է մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են ակցիաների մասնակիցները հարձակվում տարեց մի մարդու վրա, մեկ այլ տեսագրությունում էլ ակցիայի մասնակից կանանցից մի քանիսը «ժեխ» են անվանում,  ամոթանք են  տալիս ու  «հագածդ նայի» են ասում  փողոցում կանգնած մի  կնոջ, քանի որ վերջինս մինչ այդ ասել էր՝  «քանի Քոչարյանը ձեր հետ ա՝ ձեզ չեմ միանա»։ Մեկ այլ կին էլ  նույն այս կնոջ վրա է փորձում հարձակվել՝ «դու ու երեխեքդ պիտի սատկեին» ասելով, սակայն նրա հետ քայլող տղամարդկանցից մեկը կանխում է հարձակումը։

Նկատենք, որ ատելության խոսքի ավելի ցայտուն, այսպես ասած՝ բեմադրված տեսարանների  ականատեսը եղանք նաև պատերազմից հետո, երբ ՀՓՇ-1-ի կազմակերպիչները  Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոցում, բեմադրեցին վարչապետ Ն. Փաշինյանի ընտանիքի գնդակահարության տեսարանը։  Այս նողկալի ցուցադրությունը  ծափերով ու ողջույններով ընդունվեց հավաքված բազմության կողմից։ Ահա այս՝ բռնությունը խրախուսող  կոնտինգենտը այսօր նորից փողոցներ է դուրս եկել և սկսել է իսկական մարդաորս, ինչը նշանակում է, որ  Սոս Ջանիբեկյանի, Արմեն Մարտիրոսյանի կարգավիճակում կարող է հայտնվել  ՔՊ-ին ընտրած շուրջ 680 հազար քաղաքացիներից յուրաքանչյուրը, որին կարող են  փողոցում իդենտիֆիկացնել ու թիրախավորել ՝դրանից բխող հետևանքներով։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած ժողովրդավարական հասարակությունում անընդունելի ու անթույլատրելի են նման երևույթները։ «Ատելության խոսքը վերջին տարիներին հասել է անդառնալիության աստիճանի։ Եվ շատ ափսոսանքով պիտի նշեմ, որ ոչ միայն այսօրվա ընդդիմություն կոչվածն է ատելության խոսք կիրառում, այլ նաև երբեմն իշխանությունն է թույլ տալիս նման խոսք։  Սրա դեմ պետք է պայքարել։ Խնդիրն այն չէ, որ թիրախավորված են միայն հայտնի մարդիկ կամ հանրային դեմքերը։ Ես դեպք գիտեմ, երբ շարքային քաղաքացու վրա են հարձակվել մարդիկ, ովքեր ներկայացել են որպես ընդդիմություն, ու կոչ են արել միանալ իշխանափոխությանը։ Բռնության միջոցով, ատելության նմանօրինակ խոսքի տարածմամբ ոչ ոք՝ ընդդիմություն լինի, թե իշխանություն, չի կարող հասնել որևէ արդյունքի։ Դա ուղղակի անթույլատրելի է»։ 

Նկատեցինք, որ թերևս նոր ֆենոմեն է, երբ զանգվածային միջոցառումների ժամանակ դրա մասնակիցները իրենց քաղաքական հայացքները չկիսողներին նույնականացնում են  թուրքի հետ և այսպիսով արդարացնում նրա նկատմամբ բռնարարքը։  «Հավանաբար այս հարցը նեղ մասնագիտական պատասխան է ակնկալում, բայց իմ կարծիքով՝ «թուրք» բառը կենցաղային մակարդակում  դիտարկվում է որպես նեգատիվ երևույթ, նեգատիվ մարդ, վատ բանի հետ ասոցացվող երևույթ՝ հաշվի անելով թուրքերի մասին մեր  պատմական հիշողությունը։ Ցավոք, կենցաղային մակարդակից այս ստերեոտիպը բարձրացել և մուտք է գործել նաև քաղաքականություն, հանրային կյանք, ինչը մեծ վտանգներ է պարունակում։ Ի վերջո, հանրային խոսքում կամ ընդդիմադիր գործիչների կողմից իրականացվող գործողություններում նման անթույլատրելի խոսույթ կիրառելը բացի այն բանից, որ անլրջացնում է այդ գործողությունները, այլ նաև  իրավական առումով խոցելի է դարձնում։ Միանշանակ է, որ անձի ազգությունը չպետք է շահարկման առարկա  և ատելության խոսքի տարածման կամ բռնության գործադրման  առիթ դառնա»,- նշեց իրավապաշտպանը։ 

Նկատենք, որ մեկ այլ կարծրատիպ էլ կա՝ կապված  «թուրք» բառի հետ։ Ըստ այդմ՝ «հայի համար անվնաս է միայն սատկած թուրքը»։ Մտավախություն չունե՞ք, որ ցուցարարների գործողությունները հենց այս տրամաբանության մեջ են՝ «թուրք» որակվողներին կյանքից զրկելու միտում են պարունակում, որը կարող է քաղաքացիական լայնամասշտաբ  բախումների պատճառ դառնալ։ «Աստված մի ասացե, եթե այդ մարդիկ նման մոտիվով կիրառեն «թուրք» բառը։ Եթե մարդիկ ակնկալում են կամ նախատեսում են, որ իրենց գործողությունները ձեր ասած վերջնարդյունքին պիտի հանգեցնեն՝ կյանքից զրկեն այլոց, ապա դա, շա՜տ մեղմ ասած, անթույլատրելի է։ Եթե այդ մարդկանց թվում է, որ հայրենասիրությունը դրսևորվում է Երևանի կենտրոնում ինչ-որ մեկին թուրք ասելով, հետո նրա նկատմամբ բռնարարքներ կիրառելով և դրանք զարգացնելով, ապա դա վտանգավոր մոլորություն է։ Հայրենասիրության այսպիսի ընկալումներով կարելի է առաջնորդվել միայն արտաքին թշնամու դեմ, այլ ոչ թե քո երկրի ներսում, քո մեկ այլ հայրենակցի նկատմամբ»,- ի պատասխան ասաց Պապիկյանը։ 

Մեր մյուս հարցին՝ որպես իրավապաշտպան որևէ  կոչ, հորդոր կհղի՞ փողոցային պայքարի ելածներին, Պապիկյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չեմ հետևում ակցիաներին, որովհետև չեմ ուզում ժամանակս ծախսել Կրեմլից հրահանգավորված ինչ-որ գործողության վրա։ Շատ կուզենայի, որ մե՛նք լինեինք մեր երկրում տերը, ու մե՛նք որոշեինք, թե ինչպիսի միտինգներ պետք է կազմակերպենք և ինչ խնդիրներ բարձրացնելու համար»։ 

Հեղինե Մանուկյան