Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի դպրոցում «Վերջին զանգն» է նշվել, առաջիկա օրերին էլ ավարտական քննությունների մեկնարկն է, կանայք ու երեխաները վերադարձել են գյուղ. Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ

Խրամորթի դպրոցում «Վերջին զանգն» է նշվել, առաջիկա օրերին էլ ավարտական քննությունների մեկնարկն է, կանայք ու երեխաները վերադարձել են գյուղ. Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ
Հասարակություն
16:48, 06 июнь 2022
Մայիսի 27-ին Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում նշվեց «Վերջին զանգն» Խրամորթ վերադարձած կանանց ու երեխաների մի մասը մնացել են գյուղում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ Անահիտ Պետրոսյանն ու հավելեց. «Հույս ունենք, որ դպրոցը առաջիկա ուսումնական տարում կվերաբացվի, և Խրամորթի երեխաները հնարավորություն կունենան տեղի դպրոցը հաճախելու։ Գյուղում հանգիստ, անվտանգ վիճակ է, այս ընթացքում նույնիսկ մարդ է մահացել, և հնարավորություն է եղել գյուղի գերեզմանատանը հուղարկավորելու, որը շփման գծին շատ մոտ է»։

Խրամորթի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելայնն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հունիսի 8-ից Խրամորթի դպրոցում կմեկնարկեն ավարտական քննությունները՝ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիների համար. «Այն երեխաները, որոնք այլ բնակավայրերում էին այս ընթացքում դպրոց հաճախում, քննության օրերին կվերադառնան՝ քննական շրջանը մեզ մոտ են անցկացնելու»։ 

Հարցին՝ կա՞ պաշտոնական որոշում, որ արդեն կարող են վերադառնալ տարհանված կանայք ու երեխաները, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Չկա պաշտոնական հայտարարություն, ոչ ասում են՝ մի վերադարձեք, ոչ էլ եկողներին ասում են՝ հետ գնացեք»։

Հիշեցնենք, որ դեռևս մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր տեղափոխվեցին գյուղի կանայք և երեխաները։ Իսկ մարտի 24-ից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ռուս խաղաղապահներն են տեղակայված, ողջ բնակչությունը տարհանված է՝ Քարագլխի հատվածում Ադրբեջանի զինծառայողների որոշակի առաջխաղացման պատճառով։

Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ Անահիտ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ իրավիճակ է Փառուխում, ինչին ի պատասխան մամուլի խոսնակն ասաց. «Դեռևս ռուս խաղաղապահներն են այնտեղ։ 2020թ. պատերազմից հետո Փառուխում քչերն էին բնակվում, երեխաներ չկային, դպրոցը չէր գործում, որովհետև մի քանի 100 մետր հեռավորության վրա է Փառուխը Արմենակավան գյուղից, որը հանձնվեց Ադրբեջանին»։ 

Նշենք, որ թեպետ Ասկերանում կան խոսակցություններ, որ Քարագլխի հատվածից հեռացել են Ադրբեջանի զինծառայողները, բայց այդ տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։

Նարա Մարտիրոսյան