Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 26-ին ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԱԱԾ աշխատակցի գործողություններում ՀԿԿ-ն հանցակազմ չի տեսել. քրեական գործի հարուցումը մերժվել է

Մարտի 26-ին ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԱԱԾ աշխատակցի գործողություններում ՀԿԿ-ն հանցակազմ չի տեսել. քրեական գործի  հարուցումը մերժվել է
Հասարակություն
18:01, 17 июнь 2022
Սույն թվականի մարտի 26-ին սոցիալական հարթակներով տեսանյութ էր տարածվել, որում ՌԴ դեսպանատան դիմացի մայթին ոչ ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձինք խաղաղ ակցիա էին իրականացնում։ Ակցիան կրում էր «Ոչ պատերազմին» կարգախոսը՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների հետ։ Ակցիայի վայրում ներկա էին նաև Ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան տարածքը հսկող ԱԱԾ աշխատակից։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը ակցիա իրականացնող քաղաքացիների անձնագիրը լուսանկարահանում և սպառնում, որ կուղարկի ՌԴ դեսպանատուն, և ջնջելու դիմաց պահանջում դադարեցնել ակցիան։ Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցը Ոստիկանության աշխատակցին ներկայացնում էր սխալ ինֆորմացիա, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում ակցիա իրականացնելու, ինչին Ոստիկանության աշխատակիցը չի արձագանքում։ Ի վերջո, ակցիան դադարեցնելու պահանջի դիմաց ԱԱԾ աշխատակիցը ջնջում է լուսանկարը, ապա ակցիայի վայրից հեռացող քաղաքացիներին են մոտենում ոստիկանները, պահանջում քաղաքացիների անձնագիրը և լուսանկարում նրանցից առնվազն մեկի անձնագիրը և հեռանում։

Civic.am-ը ԱԱԾ և Ոստիկանություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ի՞նչ իրավասություններով են ուժայինների աշխատակիցները լուսանկարել քաղաքացիների անձնագրերը և ինչո՞ւ են սուտ տեղեկություններ տրամադրելով ու սպառնալիքով ստիպել դադարեցնել ակցիան։

ԱԱԾ լրատվականից Civic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որն ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Ոստիկանությունից էլ Civic.am-ին փոխանցել էին, որ Ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել՝ պարզելու ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը տեղի ունեցած դեպքի ժամանակ։

Այսօր Civic.am-ը փորձեց Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել, թե, ի վերջո, դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞ց, թե՞ ոչ։ Կոմիտեի մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանն ասաց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի որոշմամբ մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցագործության բացակայության հիմքով։

Որոշումը բողոքարկելու իրավասությունը բողոքարկող կողմինն է։ Ինչպես տեղեկացանք Հակակոռուպցիոն կոմիտեից, դիմումատուն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է եղել։ Գրասենյակի իրավաբանական բաժնից մեզ հաղորդեցին, որ վերադաս դատախազին քննիչի որոշման դեմ բողոք են ներկայացրել, որը կրկին մերժել է ներկայացված բողոքը։

Civic.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն՝ պարզելու համար, թե ի՞նչ փուլում է ծառայողական ստուգումը, և եթե ավարտվել է, ապա ի՞նչ որոշում է կայացվել։ Պատասխան ստանալուց հետո այս մասին ևս կիրազեկենք մեր ընթերցողներին։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանը ամեն դեպքում նշեց, որ իրավապահները առնվազն անցել են իրենց լիազորությունների սահմանները, և իրենք համաձայն չեն քննիչի որոշման հետ։ Ոստիկանները իրավունք ունեն ստուգելու քաղաքացիների անձնագրերը, բայց ոչ՛ ոստիկանները, ո՛չ, առավել ևս, ԱԱԾ աշխատակիցը իրավունք չունեին դրանք լուսանկարելու և սպառնալու, թե կուղարկեն ՌԴ դեսպանատուն։

Վովա Հակոբյան