Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին

ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին
Իրավունք
19:10, 04 апрель 2022
Մարտի 26-ին սոցիալական հարթակներով տեսանյութ տարածվեց, որում ՌԴ դեսպանատան դիմացի մայթին ոչ ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձինք խաղաղ ակցիա էին իրականացնում։ Ակցիան կրում էր «Ոչ պատերազմին» կարգախոսը՝ կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների հետ։ Ակցիայի վայրում ներկա էին նաև Ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան տարածքը հսկող ԱԱԾ աշխատակից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը ակցիա իրականացնող քաղաքացիների անձնագիրը լուսանկարահանում և սպառնում, որ կուղարկի ՌԴ դեսպանատուն և ջնջելու դիմաց պահանջում դադարեցնել ակցիան։ Միաժամանակ ԱԱԾ աշխատակիցը Ոստիկանության աշխատակցին ներկայացնում է սխալ ինֆորմացիա, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիները իրավունք չունեն Հայաստանում ակցիա իրականացնելու, ինչին Ոստիկանության աշխատակիցը չի արձագանքում։ Ի վերջո, ակցիան դադարեցնելու պահանջի դիմաց ԱԱԾ աշխատակիցը ջնջում է լուսանկարը, ապա ակցիայի վայրից հեռացող քաղաքացիներին են մոտենում ոստիկանները, պահանջում քաղաքացիների անձնագիրը և լուսանկարում նրանցից առնվազն մեկի անձնագիրը և հեռանում։

Civic.am-ը ԱԱԾ և Ոստիկանություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ի՞նչ իրավասություններով են ուժայինների աշխատակիցները լուսանկարել քաղաքացիների անձնագրերը և ինչո՞ւ են սուտ տեղեկություններ տրամադրելով և սպառնալիքով ստիպել դադարեցնել ակցիան։ Նաև հետաքրքրվել էինք, թե ո՞ւմ հրամանն են կատարել վերջիններս։

ԱԱԾ լրատվականից այսօր, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրին, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։

«Մարտի 25-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց օտարերկրյա քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային միջամտած ոստիկանների և ԱԱԾ աշխատակցի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որն ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար», - ասված է ԱԱԾ պատասխանում։

Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները այն մասին են, թե հանցագործությունների մասին հաղորդումների դեպքերում ո՞ր մարմիններն են իրականացնում քննությունը։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ պաշտոնեական կեղծիք թույլ տալը համարվում են կոռուպցիոն հանցագործություններ, և դրանք քննում է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ոստիկանությունից էլ Civic.am-ին փոխանցեցին, որ Ոստիկանությունը ծառայողական ստուգում է սկսել՝ պարզելու ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը տեղի ունեցած դեպքի ժամանակ։

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից փոխանցեցին, որ այդ օրը խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերը ստուգելը իրավաչափ է եղել՝ համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի։

Սակայն թե ինչո՞ւ էր ոստիկանության աշխատակիցը նկարահանում խաղաղ հավաքի մասնակիցների անձնագրերը, և արդյոք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նշանակվե՞լ է, թե՞ ոչ, Ոստիկանության լրատվականից տեղեկացրին, որ «Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ներկայումս սպառիչ տեղեկություններ առկա չեն, և դրանք պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվում է ծառայողական ստուգում»։

Վովա Հակոբյան