Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրին ճանաչվել է Համահայկական 8-րդ խաղերի մայրաքաղաք. քննարկվել են մարզական և ենթակառուցվածքային հնարավորությունները

Գյումրին ճանաչվել է Համահայկական 8-րդ խաղերի մայրաքաղաք. քննարկվել են մարզական և ենթակառուցվածքային հնարավորությունները
Հասարակություն
22:16, 13 июль 2022
Գյումրին ճանաչվել է Համահայկական 8-րդ խաղերի մայրաքաղաք: Սա նշանակում է, որ 2023-ի օգոստոսին մասշտաբային միջոցառման մեկնարկը տրվելու է հենց Գյումրուց:

Այսօրվա հանդիպումը Իշխան Զաքարյանը համարեց միջոցառման մեկնարկ, քանի որ առաջին անգամ են հանդիպման ձևաչափով քննարկում խաղերի անցկացումն ու դրա հետ կապված տարաբնույթ հարցեր:

Այս պահին, քանի դեռ կառավարական հանձնաժողովը ձևավորված չէ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատասխանատուները Շիրակի, Արագածոտնի մարզերում և Գյումրիում կգնահատեն մարզական և ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են Համահայկական խաղերի անցկացման համար:

«Այս պահից պետք է համարենք, որ մեկնարկը տրված է, ու ինչքան հնարավոր է, պետք է Գյումրին պատրաստենք խաղերի բացման արարողությանը: Պետք է մոբիլիզացնենք ամբողջ հյուրանոցային համալիրը, հասկանանք՝ ինչ ունենք: Հույս ունեմ, որ ՀՀ ամենասպորտային քաղաքը՝ Գյումրին, շատ լավ կպատրաստվի, և վստահ եմ, որ մեր խաղերի տարեգրության մեջ Գյումրու պես հյուրընկալ քաղաքում անցկացվելիք այս բացման արարողությունը լինելու է լավագույններից մեկը»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Հանդիպման առաջին ժամերին առաջին խնդիրը, որ Իշխան Զաքարյանը հասցրել էր նկատել ու բարձրաձայնեց, Գյումրու փողոցների վատ վիճակն է: Հանդիպմանը ներկա Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը վստահեցրեց՝ ժամանակ կա, կհասցնեն ավարտին հասցնել ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

«Աստված տա՝ հասցնեք, որովհետև դա լուրջ խնդիր է»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Փողոցներում, ճիշտ է, խնդիրներ կան, սակայն, ըստ Գիլոյանի, Գյումրիում խաղերի անցկացումը, անկախ այլ հանգամանքներից, այլ դրական կողմ էլ ունի. Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կարող է չարտերային թռիչքները սպասարկել, և հյուրերն ու մասնակիցները միանգամից Երևանի փոխարեն կիջնեն Գյումրի:

Համահայկական խաղերն ամեն տարի ընդլայնում են աշխարհագրությունն ու մեծացնում մասնակիցների թիվը: Զաքարյանը փոքր էքսկուրս արեց 90-ականներ ու ներկաներին տեղեկացրեց, որ առաջին անգամ 1999 թվականին են անցկացվել Համահայկական խաղեր՝ 7 մարզաձևով: 23 երկրի 63 քաղաքից 1141 մասնակից են ունեցել: Մասնակիցներից 529-ը եղել են Հայաստանից, 612-ը՝ արտասահմանից:

«2015-ին արդեն ունեցանք 6540 մասնակից: Ցեղասպանության 100 ամյակն էր, ակտիվությունը մեծ էր: 7-րդ խաղերը, չնայած ճանապարհային դժվարություններին, Ստեփանակերտում արեցինք և ունեցանք 5244 մասնակից, արտերկրից ավելի շատ են մասնակցել: Մեկ ձմեռային խաղ էլ Ծաղկաձորում 2014-ին ենք անցկացրել: Հիմա որոշել ենք՝ հաջորդ տարվա ամառայինից հետո 2-րդ ձմեռային խաղերն անենք ու էլի Ծաղկաձորում»- տեղեկացրեց Իշխան Զաքարյանը:

Այս անգամ էլ, ըստ Զաքարյանի, մասնակիցների ու հյուրերի թիվը փոքր չի լինելու: Այնպես որ պետք է այսօրվանից պատրաստվել նրանց ընդունելուն, շահել-պահելուց զատ՝ նաև առողջապահական, անվտանգային և շատ այլ հարցեր կան քննարկել-հստակեցնելու և՛ տեղի պատասխանատուների, և՛ Կառավարության անդամների հետ: Մեկ հանդիպում Երևանում արդեն կայացել է:

«Երբ Կառավարության մակարդակով կազմկոմիտե ընտրվի, արդեն դետալային քննարկում կունենանք»,- հյուրերին տեղեկացրեց Նազելի Բաղդասարյանը:
Մինչ այդ, ըստ Գիլոյանի, կարելի է մոտավոր պատկերացում ունենալ, թե Համահայկական խաղերի որ մասն է հնարավոր անցկացնել Շիրակում, Գյումրիում, որոնք Արագածոտնում, ինչու չէ, նաև օգտագործել Լոռու ներուժը, հատկապես՝ Սպիտակի ու Վանաձորի դահլիճները:

Գիլոյանը նաև ներկաներին տեղեկացրեց, որ այս պահին Երևանում ընթացքի մեջ է խաղային մանեժի կառուցումը և պատրաստվում են ՀՀ վարչապետին խնդրեն երկրորդի շինարարությունը սկսել Գյումրիում
«2-3 ամսում հավաքվում է այդ մանեժը, և, եթե հասցնենք, ապա դա կարող է նույնիսկ դառնալ գլխավոր ընդունողը: Հատուկ նյութից է, 20 տարվա երաշխիքով, դաշտի չափերը ֆուտզալի չափեր են, բոլոր մարզաձևերը կարելի է հենց այդտեղ էլ անցկացնել: Ամեն ինչ կանենք, պետությունը պատրաստ է աջակցել ռեսուրսով, մրցավարներով, կամավորներով»,- ասաց Գիլոյանը:

2023-ին անցկացվելիք Համահայկական խաղերում 17 մարզաձևի համար 107 հավաքածու մեդալ կխաղարկվի՝ ոսկի, արծաթ և բրոնզ։

Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը կանոնակարգային մեկ կարևոր ընդգծում արեց, ասաց, որ այս խաղերին մասնակցում են ոչ թե պետությունները, այլ քաղաքները: Սփյուռքի սպորտային կազմակերպությունները հանդես են գալիս մեկ դրոշի տակ:

«Ենթադրենք՝ Բեյրութից մի քանի կազմակերպություն է մասնակցում, բոլորը մեկ դրոշի տակ են հանդես գալիս՝ որպես Բեյրութի հավաքական թիմ: Սա մեր մոտ չգրված օրենք է և տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկել:

Առավելությունն այն է, որ բացարձակապես ապակուսակցական հենքի վրա է դրված խաղերի տրամաբանությունը»,- ներկայացրեց Զաքարյանը:
Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Ամիսը կրկին օգոստոսն է, բայց այս պահին պատասխանատուները հստակ օրն ասել չեն կարող: