Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթ գյուղի բնակչությունն ամբողջությամբ վերադարձել է, Արցախի ՊԲ-ն էլ կընդլայնվի պայմանագրայինների հաշվին՝ սահմանները պաշտպանելու համար

Խրամորթ գյուղի բնակչությունն ամբողջությամբ վերադարձել է, Արցախի ՊԲ-ն էլ կընդլայնվի պայմանագրայինների հաշվին՝ սահմանները պաշտպանելու համար
Հասարակություն
18:07, 20 июль 2022
«Արցախի սահմանների պաշտպանությունը միայն պաշտպանության բանակի ռեսուրսներով ու ռուս խաղաղապահներով ապահովելը շատ դժվար կլինի, բայց Արցախն ամեն ինչ կանի իր սահմանները պաշտպանելու համար»,-այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Մոսիյանը։

Նշենք, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր․ «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի»։ Արմեն Գրիգորյանը հավելել էր նաև, որ սեպտեմբերից ԼՂ-ում Հայաստանից ժամկետային զինծառայողներ ևս չեն լինելու, իսկ պայմանագրային զինծառայողներ ԼՂ չեն զորակոչվում։

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ 

Արցախի ԱԺ պատգամավորի դիտարկմամբ Արցախում Հայաստանից ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ չընդգրկելը նշանակում է Արցախը թողնել անպաշտպան․ «Սա վերջին քայլն է, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ»,-ասաց նա։

Նշենք, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը Արցախից չի նշանակում Արցախն անպաշտպան թողնել․ «Նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը»,-ասել էր նա:

Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանը ի պատասխան մեր հարցի՝  ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Արցախի պաշտպանության բանակն ընդլայնելու ուղղությամբ, արձագանքեց․ «Պետք է պայմանագրայինների հաշվին ավելացնենք և մեր պաշտպանությունը կազմակերպենք»։ 

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ այս պահին 115․000-120․000 մարդ է բնակվում Արցախում և ևս 20․000 մարդ Հայաստանում փախստականի կարգավիճակում են․ «Փախստականների համար պետք է բնակարան կառուցվի, որ վերադառնան Արցախ։ Արցախի իշխանություններն ասում են, որ 3 տարում պետք է կարողանան ապահովել, շինարարությունը գնում է Արցախում, բայց ես կարծում եմ տեմպերը չեն արդարացնում»,-հավելեց պատգամավորը։ 

Արցախի սահմանների պաշտպանության խնդիրն առկա էր նույնիսկ այն ժամանակ երբ Հայաստանի զորքը դեռ դուրս չէր բերվում Արցախից։ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրից մարտ ամսից հեռացել էին կանայք ու երեխաները՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների ու կրակոցների հետևանքով։ Իսկ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ամբողջությամբ հայաթափվեց և դեռևս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է՝ Ադրբեջանի զինծառայողների կողմից Քարագլխի հատվածում առաջխաղացում ունենալու պատճառով։

Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ Անահիտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Խրամորթի դպրոցը թեպետ չէր գործում այս ընթացքում՝ անվտանգությունից ելնելով, բայց մայիս ամսին «Վերջին զանգը» նշեցին դպրոցում և կանայք ու երեխաներն աստիճանաբար վերադարձան գյուղ․ «Հիմա Խրամորթի բնակչությունն ամբողջությամբ վերադարձել է գյուղ, նորմալ է, հանգիստ է, կրակոցներ չկան, մայիսի 27-ից՝ «Վերջին զանգի» արարողությունից հետո, մարդիկ վերադարձան։ Իսկ Փառուխի անվտանգությունը դեռևս ռուս խաղաղապահներն են վերահսկում»։

Նարա Մարտիրոսյան