Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին բերձորցիների մեծ մասը դուրս է եկել, մնացել են 25-27 հոգի՝ մոտ 5-6 ընտանիք․ Բերձորի ղեկավար

Այս պահին բերձորցիների մեծ մասը դուրս է եկել, մնացել են 25-27 հոգի՝ մոտ 5-6 ընտանիք․ Բերձորի ղեկավար
Հասարակություն
18:34, 23 август 2022
Civic.am-ի զրուցակիցն է Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

- Պարոն Ալեքսանյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Բերձորում։  

- Այս պահին բերձորցիների մեծ մասը դուրս է եկել, գյուղում մնացել են 25-27 հոգի՝ մոտ 5-6 ընտանիք։ Ես նույնպես գյուղում եմ և այժմ էլ զբաղված եմ բնակիչների տեղափոխման հարցերով։ Հույս ունենք, որ այսօր կկարողանանք ևս երկու ընտանիքի և նրանց գույքի, բեռների տեղափոխությունն իրականացնել։ 

- Ի՞նչն  է պատճառը, որ  այդքան մարդ դեռևս դուրս չի եկել գյուղից։  


 - Հիմնական պատճառն այն է, որ դեռ չեն կողմնորոշվել ուր գնալ՝ Արցա՞խ, թե՞ Հայաստան։ Ոչ մի խնդիր չկա, ուղղակի մտածում են՝ ավելի հարմար ապրելու տեղ գտնեն, որտեղ, օրինակ, հարազատ, ծանոթ ունեն, կամ որն ավելի ապահով է և այլն։  Արցախ տեղափոխվողները առայժմ տեղավորվում են հիմնականում հյուրանոցներում, իսկ Հայաստան տեղափոխվողները՝ իրենց միջոցներով վարձակալած բնակարաններում։ Գիտեք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշում կա, ըստ որի՝ ընտանիքի յուրաքանչյուր անձ ստանալու է 40-հազարական դրամ։ 

- Պարոն Ալեքսանյան, գյուղում մնացե՞լ  են մարդիկ, որ պատրաստ են մնալ ադրբեջանական վերահսկողության տակ անցնող իրենց բնակավայրերում։ 

- Մինչև այժմ գյուղում մնացողների մեջ, այո, կան նաև գյուղից ոչ մի դեպքում չհեռանալու մտադրություն, նաև մեզ համար ինչ-որ հրաշքի պես դրական փոփոխության սպասելիք ունեցողներ։ 

- Ի՞նչ դժվարություններ կան, ինչպե՞ս  են մարդիկ  հոգում տեղափոխման ծախսերը։

- Պետությունն աջակցում է ոչ միայն ֆինանսապես, այլ նաև վառելիք է տրամադրում։ 

 - Ի՞նչ տրամադրություններ  են տիրում բնակիչների շրջանում. համակերպվե՞լ են, ի՞նչ սպասելիքներով, վերադարձի հույսո՞վ, թե՞ հուսախաբ են հեռանում։


- Թե՛ Բերձորում մնացած, թե՛ արդեն տարհանված մարդիկ շատ մեծ տխրություն ու հուսախաբություն են ապրում, որոշ մարդիկ մինչև վերջ սպասում էին, որ մի դուռ կբացվի, բայց հիմա համակերպվել  են, որ այլ  ելք չկա, պետք է լքեն իրենց տունն ու գյուղը, սակայն, անկախ ամեն ինչից,  ներքուստ հավատում ենք, դեռ հույսներս չենք կորցրել, որ մի օր վերադառնալու ենք։ 

Թամարա Ղազարյան