Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթաշենում բացվեց ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ «Մանկության ակադեմիա» նախակրթարանը․ տեսանյութ

Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվեց «Մանկության ակադեմիա» մասնավոր նախակրթարանը։  Բացման արարողությունը կատարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նաև շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ պայմաններին։

Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ Երևան համայնքը նույնպես մանկապարտեզների մեծ կապիտալ շինարարություն է իրականացնում։ 

Մանկապարտեզի մեթոդիստի խոսքով՝ բացի այն բանից, որ իրենք հիմնվում են պետական համալիր ծրագրի վրա,  նաև պետք է ներդնեն միջազգային հաջողված փորձը և այլընտրանքային ծրագրեր։

«Հիմնականում կիրառվում են ինտերակտիվ մեթոդներ, ինչպես նաև դրանք զուգակցվում են ավանդական մեթոդների հետ, քանի որ սա այն տարիքն է, որ մենք չենք կարող ուղղակի առանց զննական նյութի և դիտումների կազմակերպել մեր պարապմունքները։ Քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների առաջատար գործունեությունը խաղն է, ամեն ինչ կազմակերպվում է  խաղի միջոցով»,- ասաց նախակրթարանի մեթոդիստ Ալլա Աբովյանը։

Մեթոդիստի խոսքով ՝մանկապարտեզում ամեն ինչ պատրաստված է  էկոլոգիապես մաքուր նյութերից, քանի որ իրենց գերխնդիրն է պահպանել երեխաների առողջությունը և ապահովությունը։   

Մանկապարտեզի գործադիր տնօրեն Նարե Ներկարարյանն էլ ասաց, որ մանկության ակադեմիան  իրականացնում է արդի պահանջներին համապատասխան կրթություն՝ ձևավորելով մտածող, ինքնուրույն, բանիմաց, խելացի, հոգատար բալիկներ։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը և նշեց՝ կցանկանար, որ ամեն վարչական շրջան հնարավորություն ունենար այսպիսի զարգացման կենտրոն ունենալու։

Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ իրենց մոտ ևս մանկապարտեզի տարիքի երեխաները հերթի մեջ են, քանի որ եղած մանկապարտեզները չեն բավականացնում։

Մանկապարտեզի բացմանը ներկա ծնողներից Ալինա Գրիգորյանն էլ ասաց, որ իրեն դուր եկան սննդակարգը, խաղերը, մոտեցումը երեխաների ու ծնողների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան