Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրվել է միանվագ դրամական աջակցության

Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրվել է միանվագ դրամական աջակցության
Հասարակություն
11:43, 31 октябрь 2022
Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է՝ 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ։

Ընդանուր առմամբ տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն:

Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 102 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունն իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992 թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։