Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023 թ-ին Վանաձոր խոշորացված համայնքում շինարարական բում է սպասվում

2023 թ-ին Վանաձոր խոշորացված համայնքում շինարարական  բում է սպասվում
Հասարակություն
14:36, 17 декабрь 2022
Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն այնպիսի ճանապարհներ, որոնք տարիներ շարունակ եղել են, մեղմ ասած, անբարեկարգ, քարուքանդ վիճակում. տեղեկացնում են Վանաձորի համայնքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիմնանորոգվող փողոցներից մեկն, օրինակ, մարզկենտրոնի կենտրոնական, ամենաբանուկ ու ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող Գարեգին Նժդեհ փողոցն է՝ հիվանդանոց տանող ճանապարհը, վերջին անգամ այս փողոցը հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ:
Ոչ պակաս անմխիթար վիճակում են գտնվում նաեւ Վանաձորի Ներսիսյան,
Իսահակյան, Զաքարյան փողոցները: Ծանրաբեռնված երթեւեկություն ունեցող փողոցներում փոսերն այնքան շատ են, որ անգամ փոսային նորոգումներն ու պարբերաբար իրականացվող հարթեցումները չէին մեղմում իրավիճակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր վարորդների ու հետիոտների արդարացի դժգոհություններին:

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ու քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են նաեւ Դարպաս, Շահումյան եւ Գուգարք բնակավայրերի խնդիրները:

Շահումյան եւ Գուգարք բնակավայրերում, օրինակ, հաջորդ տարի կհիմնանորոգվի միանգամից 6 փողոց, Դարպասում՝ 2: Ծրագիրն ընդունված է, բյուջեն՝ հաստատված:

Գալիք տարում համայնքի բյուջեով ու կառավարության համաֆինանսավորմամբ համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն նաեւ նոր աղբատար մեքենաներ, կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնն ու «աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքը:

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի 2-րդ փուլով հաջորդ տարի կավարտվեն նաեւ
Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի եւ
Գուգարք բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Կմեկնարկի նաեւ Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցումը:

Ավելի քան 2.5 մլրդ դրամ արժոողությամբ սուբվենցիոն ծրագրերը Վանաձոր խոշորացված համայնքում այսքանով չեն ավարտվում: Համայնքապետարանից խոստանում են՝ 2023թ-ը Վանաձոր խոշորացված համայնքի համար լինելու է ձեռքբերումների ու առաջընթացի տարի, ու եթե սրան էլ ավելացնենք նաեւ զուտ համայնքի բյուջեով նախատեսված ծրագրերը, ապա Վանաձոր խոշորացված համայնքի խնդիրները եթե ոչ լիովին, ապա զգալիորեն կնվազեն: