Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հադրութում խոտերի շարժ ա նկատել, բարձրացել, տեսել ա, որ դրանց Յաշմա ջոկատը գալիս ա իրանց վրա․․․»․ 18-ամյա Իշխանը 33 օր հերոսաբար կռվել է պատերազմում

«Հադրութում խոտերի շարժ ա նկատել, բարձրացել, տեսել ա, որ դրանց Յաշմա ջոկատը գալիս ա իրանց վրա․․․»․ 18-ամյա Իշխանը 33 օր հերոսաբար կռվել է պատերազմում
Հասարակություն
21:47, 08 май 2021
«Այրվել էր խեղճ էրեխես։ Բերել են վերտալյոտով էրեբունի, հասցրել էին ժամանակին, բայց դե մարմնի 60 տոկոսը այրված էր։ Ամեն ինչ անում էին․ արծաթից չգիտեմ ինչով փաթաթել էին, թևը հավաքած էր, ոտքը մի քիչ էր վնասված, մեկ աչքը այրված էր, թոքերը՝ սալջարդ, ստամոքսն ու փայծախը՝ կարված, էլ ո՞րն ասեմ, ո՞րը․․․»․-անսահման տանջալից են տիկին Լիանային հուշերը՝ որդու՝ 18-ամյա Իշխանի հիվանդանոցում անցկացրած վերջին օրերից։

Իշխան Մանուկյանը 2 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Ծառայում էր Ջաբրայիլում։ Մոր խոսքով՝ բանակ գնալուն սովորական վերաբերվեց՝ ոչ շատ տխուր էր, ոչ՝ ուրախ։ Պատերազմում Իշխանը պայքարել է 33 օր, կռվել Ջրականում, Հադրութում, Մարտունիում, վերջում՝ Կարմիր շուկայում։

Ընկերները պատմում են, որ նա այդ ամբողջ ընթացքում հերոսաբար է կռվել։ Իր շնորհիվ մի ամբողջ ջոկատ փրկվել է գերեվարությունից։

«Հադրութում՝ ամսի 5-ին, թե 6-ին, խոտերի շարժ ա նկատել. Բարձրացել, տեսել ա, որ դրանց Յաշմա ջոկատը գալիս ա իրանց վրա։
Հրամանատարին զեկուցել ա, բինոկլներով նայել են, հազիվ հասցրել են շրջափակումից խույս տալ։ Ընկերները ասում են՝ ինքը, որ չլիներ, մեզ բոլորիս գերի էին վերցնելու», - պատմում է տիկին Լիանան։

Իշխանը հոկտեմբերի 29-ին՝ Կարմիր Շուկայում, վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից և տեղափոխվել Էրեբունի ԲԿ։ Ի սկզբանե, նա գիտակից է եղել, սակայն, 5 օր կյանքի ու մահվան դեմ պայքարելուց հետո, անմահացել է։

«Հիվանդանոցում՝ առաջին օրը, որ մտա մոտը, ինձ հեռվից, որ տեսավ, չէր կարողանում խոսել: Թոքերը, որ ջուր էր լցված, ինչ-որ բաներ էր դրված կոկորդի մասում, իրան սենց առաջ հրեց՝ կիսանստած ձեռքով արեց, թե իբր՝ ստեղ եմ։ Ասեցի՝ Իշխան, պիտի դիմանաս։ Ժպտալով գլխով արեց, ձեռքը շարժելով, ինձ էր հարցնում, թե ո՞նց եք․․․», -պատմում է մայրը:

Իշխանի հետ պատերազմից 2 օր անց է միայն հնարավոր եղել կապ հաստատել։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան զանգել է մորը, ուրախ ձայնով խոսել։  

«էդ երկու օրը տեղս չէի գտնում, չէի քնում։ Զանգեց, ասեց՝ հանգիստ էղի, լավ եմ։ Ասում եմ՝ դուք որտե՞ղ եք, ասում է՝ մենք ապահով ենք, լավ ենք, կապերից էր, չէի կարում զանգեի։ Բայց իր զինակից ընկերները հետո պատմեցին, որ Ջաբրայիլում սոված, ծառավ կռիվ են տվել՝ 4 օր: Ջուր էլ չի եղել: Հետո՝ ամսի 4-ին, գնացել են Հադրութ։ Ինքը հրետանու վրա էր, ամեն օր կռվել են։ Մի հատ զրահաբաճկոն տային, էդ էրեխեն էդպես չէր վառվի։ Ասում ա՝ չի հասնում հրետանավորաներին։ Ի՞նչ ա նշանակում՝ չի հասնում», - ասաց տիկին Լիանան։

Նրա խոսքով՝ երբ Իշխանի հրամանատարը Եռաբլուրում  բերել է «Արիության մեդալը», Լիանան նրան հարց է ուղղել՝ զրահաբաճկոնի մասին․ «Ասում ա՝ դե չէր հասնում, չկար էլ։ Հազիվ երկու հոգի գտել են՝ տարբեր տեղերից։ Խեղճ 18-ներին՝ ոչ-մի բան։ Մենակ չլվել են, տանջվել են։ Ընկերներն ասում են հաց էլ չեն հասցրել ուտել»։

Իշխանը պատերազմի ժամանակ մի անգամ էլ է գնդակի հարված ստացել, սակայն, այն ծակել է շորը և չի վնասել նրան. «Պատմում են՝ ուրախ-ուրախ ասել ա՝ շան բախտ ունեմ, ոչ մի բան չի եղել ինձ»:

Տիկին Լիանան պատմում է, որ Իշխանն ու նրա զինակից ընկերներից մեկը, ով պատերազմում ողջ է մնացել, Ջաբրայիլում գոտիներով փոխանակվել են։ Պայմանավորվել են՝ ով ողջ մնա, մյուսի ընտանիքին պետք է փոխանցի գոտին՝ որպես հուշ։ Նրանք նաև իրենց մոտ ռումբ են պահել, որպեսզի պայթեցնեն իրենց, եթե գերի ընկնեն։ «էդ գոտիներն էլ ինձ հասավ, բերեց այդ տղան։ Մեկը պատմության թանգարան եմ տվել, մյուսը պահել եմ ինձ», - ասաց տիկին Լիանան:


Իշխանը շատ է սիրել կյանքը։ Մոր խոսքով՝ շատ ակտիվ երիտասարդություն է ապրել, սիրել է ուսանողական ընկերների հետ հավաքույթներ կազմակերպել։ Չնայած դրան տանն ավելի լռակյաց էր, հանգիստ։ Իսկ ընտրած մասնագիտությունները ատամնաբույժն ու սննդի տեխնոլոգիան էին:  

«Իշխանը Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում է սովորել՝ ատամնատեխնիկական գործ։ Հետո ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ սննդի տեխնոլոգիա բաժին, հետո նոր մեկնել է բանակ։ Էնտեղ էլ շուտով պիտի բուժակ դառնար, թե չլիներ էդ պատերազմը: Ինքը էնքան զուսպ էր: Ամեն բան չխոսող, գիտեր՝ որտեղ ինչ ասեր»,- պատմեց Լիանան:

Իշխանը մի քույր ունի: 13-ամյա աղջիկն անսահման ծանր է տարել եղբոր կորուստը:

«Ջերմությունը բարձրացավ, վատացավ էրեխեն,որ իմացավ ․․․հիմա չգիտեմ․․․սովորել ենք, վշտի հետ ապրում ենք․․․ինչ օրը մեզ գցեցին..», - ասաց մայրը:

Իշխան Մանուկյանը մահացել է նոյեմբերի 5-ին, Էրեբունի հիվանդանոցում։
Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից:
Հուղարկավորված է Եռաբլուրում: