Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը կհատուցի «Եռաբլուր»-ում հուղարկավորված որոշ զինծառայողների ընտանիքների կողմից իրենց միջոցով, նախընտրած ձևով պատրաստված և տեղադրված տապանաքարերի ծախսերը

Պետությունը կհատուցի «Եռաբլուր»-ում  հուղարկավորված որոշ զինծառայողների ընտանիքների կողմից իրենց միջոցով, նախընտրած ձևով պատրաստված և տեղադրված տապանաքարերի ծախսերը
Հասարակություն
22:22, 03 май 2023

ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգային հարցերից մեկը (չզեկուցվող), որը ներկայացվել է ՊՆ-ի կողմից, վերաբերում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելուն։  


Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ-ի և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թ․ նոյեմբերի 18-ի կնքված  պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել թվով 950 շիրմաքարեր իրենց լրակազմերով` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կահավորման համար: 


«2020թ. հուլիսի 12-ին Տավուշի մարզում հակառակորդի նախահարձակ գործողությունների, 2020թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ  տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ոտնձգությունների հետևանքով մի շարք զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ իրենց միջոցներով և նախընտրած ձևով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատրաստել ու տեղադրել են տապանաքարեր:  


Առաջացել էր նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմաններին տապանաքարերի տեղադրման խնդիր, որի համար անհրաժեշտ կլիներ ձեռք բերել ևս շուրջ 50 նոր լրակազմեր: Ներկա պահին քննարկվում է թվով 47 ընտանիքի հատուցման հարց, որի համար կպահանջվի 52,0-54,0 մլն դրամ գումար, թեև չի բացառվում, որ մինչև 8 գերեզմանների տապանաքարեր նույնպես տեղադրվեն զոհվածների ընտանիքների միջոցով, որի համար առավելագույնը կպահանջվի մոտ 9,5 մլն դրամ գումար:  


ՀՀ պաշտպանության նախարության և 18.11.2021թ. «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մինչև օրս փաստացի տեղադրվել է 925 տապանաքարեր (չհաշված ընտանիքների կողմից կառուցված վերոնշյալ 47 տապանաքարերը), նախատեսվում է տեղադրել ևս շուրջ 10 տապանաքար, որոնք դեռևս չեն տեղադրվել հիմնականում ծնողների կողմից տարբեր պատճառաբանությունների ներկայացման պատճառով (չեն ընդունում, որ իրենց որդին զոհվել է, ցանկանում են, որպեսզի տեղադրվի տեխնիկական բնութագրից տարբերվող տապանաքարեր, դեռևս չեն կողմնորոշվում քարի տեսակի ընտրության հարցում, նախապես ընտրված քարի որոշ բաղադրիչների տեղադրումից հետո չեն թույլատրում ավարտին հասցնել այն՝ պահանջելով փոխել քարի տեսակը և այլ նմանատիպ պատճառներ): 


Այս պարագայում չի բացառվում, որ որոշակի քանակ այդպես էլ չտեղադրվի, իսկ «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ին տրամադրված կանխավճարից չտեղադրված տապանաքարերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված ֆինանսական միջոցները ետ վերադարձվեն պետական բյուջե:  Առկա խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված որոշ զինծառայողների ընտանիքների կողմից իրենց միջոցով և նախընտրած ձևով պատրաստված և տեղադրված տապանաքարերի դիմաց կատարված ծախսերի հատուցում, որի համար անհրաժեշտ է նաև համապատասխան լրացում կատարել ՀՀ կառավարության 09.08.2018թ. N916-Ն որոշման մեջ»,- նշված է հիմնավորման մեջ:  


Հատուցումը, ըստ այդմ,  նախատեսվում է տրամադրել  Պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված համապատասխան պայմանագրով տվյալ տեսակի քարերի լրակազմի կամ որոշ բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով (1.400.000 դրամից ավելի քիչ, քանի որ գերեզմանների բարեկարգման աշխատանքները Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ իրականացրել է): «Թեև պանթեոնում նշված ընտանիքների կողմից տեղադրված են ինչպես ամբողջական լրակազմեր (նկարաքար, հենասյուն, պատվանդան, տապան, ծաղկաման, խնկաման), այնպես էլ տապանաքարեր` առանց բաղադրիչներից որևէ մեկի (մասնավորապես` առանց տապանի), առաջարկվում է հատուցումն իրականացնել պայմանագրով տվյալ տեսակի քարի համար նախատեսված լրակազմի համար նախատեսված չափով, հաշվի առնելով խնդրի բարոյական կողմն ու այն հանգամանքը, որ անթույլատրելի է փոխատուցման հարցում ընտանիքների միջև դնել տարբերություն` բացառությամբ քարի տեսակից կախված գումարային տարբերությունը: 


Միակ բացառությունը կկիրառվի այն դեպքում. երբ տապանաքարերի որոշ բաղադրիչներ տեղադրված լինեն ընտանիքներ կողմից, իսկ որոշը` «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի, որի պարագայում ընտանիքներին տրամադրվելիք հատուցման չափը կնվազեցվի «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի կողմից տեղադրված բաղադրիչի (ների) պայմանագրով սահմանված արժեքի չափով: 


Ամբողջական լրակազմ ընդունելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր նույն գումարը, ինչ չափով էլ առաջարկվում է հատուցել: Կազմակերպությանը վճարելու կամ ընտանիքին հատուցելու միակ տարբերությունը ավելացված արժեքի հարկով պայմանավորված տարբերությունն է, սակայն ընտանիքներին հատուցվելիք գումարն այդ չափով նվազեցնելը նպատակահարմար չէ, քանի որ այն պատշաճ չի ընկալվի նրանց կողմից և կարող է առաջացնել լուրջ դժգոհություններ և բողոքներ: 


Հատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում զոհված (մահացած) և պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով անհրաժեշտ կլիներ ձեռք բերել նոր լրակազմեր` այդ նպատակով հայտարարելով մրցույթ, որի փոխարեն առաջարկվում է հատուցել զոհվածների ընտանիքների կողմից պատրաստված և տեղադրված տապանաքարերի արժեքը, իսկ այդ նպատակով նախատեսված և չօգտագործված ու պահեստավորման ենթակա տապանաքարերն արդեն իսկ կնքված Պայմանագրի շրջանակներում օգտագործել նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար»,-մանրամասնել են նախագծին կից հիմնավորման մեջ: 


ՀՀ առավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N916-Ն որոշման համաձայն` հատուցումն առաջարկվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Ներկայացված գործընթացն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է նաև սահմանել, որ որոշման գործողությունը տարածվում է 2020 թ. հուլիսի 12-ից ծագած հարաբերությունների վրա:

 
Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: