Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի 65-ամյակի առթիվ երգ գրած, նրանից ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստացած Ավետ Բարսեղյանը «պալատական պատվերներ» չստանալու հետևանքով որոշել է համալրել «ասֆալտի ֆիդայիների» շարքերը

Սերժ Սարգսյանի 65-ամյակի առթիվ երգ գրած, նրանից ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում ստացած Ավետ Բարսեղյանը «պալատական պատվերներ» չստանալու հետևանքով որոշել է համալրել «ասֆալտի ֆիդայիների» շարքերը
Հասարակություն
21:14, 04 май 2023
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի  կոչում ստացած (2016 թ․),   երգահան Ավետ Բարսեղյանը միացել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած  ստորագրահավաքին։ Կհամաձայնեք՝  անշառ գործ է Երևանի կենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի մոտ, սահմանի թեժ կետերից կիլոմետրերով հեռու ու ապահով վայրում ստորագրություն տալը, «քո փայ» հայրենասիրությունը այսպիսով ցուցաբերված համարելն ու  «սուրդ փառքով  պատյանը դնելուց» հետո  առօրյա գործերիդ վերադառնալը․․․ 

Ավետ Բարսեղյանը չի բավարարվել միայն ստորագրություն տալով,  ստորագրահավաքը լուսաբանող պրոսերժսարգսյանական հայտնի կայքի թղթակցի  հետ զրույցում իր քնարի սիրահարների համար խոհափիլիսոփայական կարճ սեանս է կազմակերպել։ Հարցին՝ «ե՞րբ է լինելու այս ամենի ավարտը»՝ մշակույթի վաստակավոր գործիչը պատասխանել է․ «Ես կարծում եմ՝ ավարտը․․․ երբ որ բոլորի գիտակցությանը, հոգուն և սրտին հասնի»։  

 «Սեփական անձը ստորագրահավաքին բերած» երգահանը նաև հավելել է․ «Երբ որ յուրաքանչյուրի սրտի մեջ էդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր, հրատապ, այդ ժամանակ էլ երևի ինչ -որ մեծ քայլ կլինի դեպի լուծում։ Կարծում եմ՝ սեփական, երեք շերտանոց՝ մտքի, հոգու և սրտի հասանելիության պարագային մենք կկարողանանք գոնե ինչ-որ կերպ դուրս գալ այս վիճակից»։ Բարսեղյանական մտքի թռիչքը, թույլ տվեք նկատել, ոչ բոլորին է հասանելի։ Կոնկրետ  մեզ համար այն անհասանելի լինելուց զատ նաև անմեկնաբանելի է, անհոդաբաշխ  լինելու հետևանքով, թերևս։  

Մյուս պրովոկացիոն հարցին՝ «արդյոք առկա իշխանության պարագայում  հնարավոր կլինի՞ Արցախի համար ճիշտ հանգուցալուծում գտնել»՝ Բարսեղյանը նորեն տվել է «խոհափիլիսոփայական» պատասխան․ «Ես իմ միտքը էլի փորձում եմ հանրության մեջ ավելի․․․․բնականաբար, ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կար՝ չէ՛, չի՛ լինի, գործող իշխանությունը,  երևի թե իրենց մեջ էլ էդ երեք շերտերով չի անցկացնում գուցե էդ ամեն ինչը»։ Ամեն դեպքում հավատում եք, որ հայը կհաղթանակի՞։ «Մի քիչ գնալով դժվարանում եմ ելքը ու լույսը տեսնել, բայց թևաթափ չեմ լինում, միևնույն է՝ էդ հույսը՝ մի քիչ ավելի կաղ, մի քիչ ավելի հաշմանդամ, բայց դեռ կա»։ Բարսեղյանի վերջին՝ հանգավոր միտքը, հուշենք, կարող է նոր պատվիրվելիք երգի կրկներգ դառնալ, իսկ մինչ «պատվերը ճանապարհին» է՝ մի երկու դիտարկում անենք․ գործող իշխանության օրոք «Արցախի համար ճիշտ հանգուցալուծում» Ավետ Բարսեղյանը չի տեսնում, քանի որ օպտիմիզմի, օպտիմիստական տեքստեր երկնելու համար նա այլևս իշխանական պատվերներ և շռայլ վարձատրություն չի ստանում այսօրվա իշխանությունից։ Ինչո՞ւ, քանի որ  ավետբարսեղյանական մակարդակի քնարն ըմբռնելու և գնահատելու համար գործող  իշխանությունը «մտքի, հոգու և սրտի եռաշերտ հասանելիություն», ինչպես պոետն է ասում, չունի։ Նման հասանելիություն, դատելով   Ավետ Բարսեղյանի ստեղծագործական ժառանգությունից,  ուներ, օրինակ,  Սերժ Սարգսյանը՝   «արդար մեր հերոսը», որի խոսքը Ավետը  համեմատել էր  Գանձասարի, միտքն էլ՝ Խոր Վիրապի հետ։  «Երբ հայոց հողի վրա արդար, իսկական հերոս է ծնվում, երկնքում անծայր մի պահ անգամ մեծ արևն է խավարում»․ Սերժ Սարգսյանի 65-ամյակի առթիվ գրած իր երգում  ավետել էր հեղափոխությունից հետո այլևս նոխազերգու դարձած Ավետ Բարսեղյանը։ 
 
Ահա այսպիսի խորքի ու շնորհքի տեր Սարգսյանը, սակայն, 10 տարի կառավարելով այդպես էլ չկարողացավ հնարավոր դարձնել «Արցախի համար ճիշտ հանգուցալուծումը», հեռացվեց իշխանությունից՝ ավետբարսեղյաններին զրկելով ստնտուներից ու մուսաներից,   դարձնելով   անմուսա դամքաշներ։  (Տե՛ս  նրա «Գնա՛» ոտանավորը՝ գրված 44-օրյա պատերազմից հետո, որտեղ «Գանձասար» ու «Խոր վիրապ» «չափման միավորներին» փոխարինելու են եկել   մասնավորապես «իմ խորը վերք»-ը, «անհույս  հազ»-ը, «սրբություն պղծող անխաչ»-ը և մտքի տոքսիկ արտաթորանքի այլ հազվագյուտ նմուշներ)։  
 

Ելենա Ազատյան