Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրանք բնօրինակների ու Ցեղասպանության փաստերի հետ որևէ կապ չունեն, մակուլատուրա են, հասկանում եմ` բոլորը սկանդալ են ման գալիս, բայց դրանք փաստաթղթեր չեն. Ցեղասպանության թանգարանի տնօրենի պարզաբանումը` տարածված տեսանյութի մասին

Դրանք բնօրինակների ու Ցեղասպանության փաստերի հետ որևէ կապ չունեն, մակուլատուրա են, հասկանում եմ` բոլորը սկանդալ են ման գալիս, բայց դրանք փաստաթղթեր չեն. Ցեղասպանության թանգարանի տնօրենի պարզաբանումը` տարածված տեսանյութի մասին
Հասարակություն
19:20, 27 май 2023
Քիչ առաջ ֆեյսբուքյան սունկ կայքերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ծիծեռնակաբերդի տարածքում այրվում են ցեղասպանությանը վերաբերող թղթեր։ Տեսանկարահանողը վրդովված կերպով նշում է, որ ոչնչացվում են ցեղասպանության մասին կարևոր փաստաթղթեր, լուսանկարներ եւ նյութեր։ 

Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դրանք բնօրինակներ չեն, փաստաթղթեր չեն։

«Դրանք հավաքված էին որպես մակուլատուրա։ Մենք ունենք աշխատակցուհի, որը հավաքում է մակուլատուրան` հանձնելու համար, և եթե այդ աշխատակցուհին սրանք դրել է այնտեղ, նշանակում է կա'մ այդ թղթերից տասնյակներն ունենք, կա'մ կրկնօրինակներ են։ Քանի որ մակուլատուրա տանելու համար ավելի մեծ գումար ենք ծախսելու, որոշեցինք պարզապես այրել։ Մենք էդքան հիմար չենք էլի։ Մի քիչ հարգանք ունեցեք։ Հասկանում եմ` բոլորը սկանդալ են ման գալիս, մատը կտրեն դարդ անեն։ Սա էդ նույն սերիայից է»,- ասաց Ցեղասպանության թանգարանի տնօրենը։

Նշենք, որ քիչ առաջ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է․

«Այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են:

Առաջիկայում ՀՑԹԻ-ն հանդես կգա տեսանյութի հեղինակին ուղղված հերքման պահանջով, իսկ նյութը տարածողներին հորդորում ենք չճշտված տեղեկատվություն չտարածել: