Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արագածավանում Պեռլիտի հանքի փոշու խնդրով ստուգումներ է իրականացնում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արագածավանում Պեռլիտի հանքի փոշու խնդրով ստուգումներ է  իրականացնում
Հասարակություն
16:44, 30 июнь 2021
Պեռլիտի հանքի շահագործումից տուժած Արագածավան գյուղի բնակիչները մի քանի օր է բողոքի ակցիա էին իրականացնում՝ հանքը պատշաճ շահագործելու պահանջով։ 

Արագածավան համայքնի ղեկավար Անդրանիկ Պապիկյանն այս մասին Civic.am-ին փոխանցեց, որ գործարանի փոշու խնդիրը երկար տարիներ է կա․ 

 «60 թվից էդ փոշին հանում էր, չէր խանգարում, հիմա չգիտեմ ինչ եղավ, սկսեց խանգարել։ Դա մի մեծ երևույթ չէ, նոր բան չէ»,-ասաց Անրդանիկ Պապիկյանը։

Հարցին, թե անկախ խնդրի վաղեմությունից, գյուղապետը նորմա՞լ է համարում այդ փոշին շնչելով ապրելը, նա ասաց․ «Փոշին շնչելը նորմալ չի, բայց, որ էդտեղ մի 50, 60 մարդ աշխատում է, գումար է վաստակում, դա նորմալ եմ համարում»։

Հիշեցնենք, որ գյուղացիները չեն պահանջում հանքը փակել։ Նրանք պահանջում են գործարանների պատշաճ աշխատանքի ապահովում, որի շահագործման արդյունքում չի վնասվի գյուղը։ Ըստ նրանց, պետք է գործարանը կահավորել այնպես, որ փոշի դուրս չգա, իսկ արդեն առկա մեծ քանակությամբ փոշին հողով ծածկել ու գյուղացիներին փողհատուցել՝ արդեն հասցված վնասների դիմաց։

Այս մասով գյուղապետը նշեց, որ պատրաստվում են «ֆիլտրեր»՝ օդազտիչ սարքեր տեղադրել, որոնք կանխելու են միջավայրի փոշոտումը։

Ֆիլտրերը մի տարի է պատվիրված են, բայց նոր են տեղ հասել։ Այս պահին գործարանը փակ է, չի աշխատում։

Գյուղապետի խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը ստուգումներ արել է հանքում․ «Չափել են ու փոշու չափաբաժինը նորմայի մեջ են գնահատել, դրա համար էլ գործարանը չեն կանգնեցրել»։ 

Հիշեցնենք, որ Արագածավանի բնակիչները բողոքում էին, որ հանքի փոշին փչացնում է գյուղի բերքը, վտանգում գյուղացիների և նրանց անասունների առողջությունը։ Նույնիսկ ծիրանի վրա դրված փոշու պատճառով արտահանողները հրաժարվել էին գնել գյուղացիների բերքը։ Արոտավայրերը նույնպես ծածկված են փոշով, դաշտում գործ անելիս գյուղացիների աչքերը բորբոքովում են։ 

Ստեղծված իրավիճակում գյուղացիները մեղադրում են հանքը շահագործող, Արագածավանի նախկին գյուղապետ Էդիկ Ամիրխանյանին։

Նրանց խոսքով՝ պեռլիտի հանքերն  անօրինական են շահագործվում, գործարաններն աշխատում են առանց լիցենզիայի ու շատ քիչ հարկեր վճարում։

Civic.am-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Մեզ հետ զրույցում Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանն ասաց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները խնդրի բարձրաձայնումից անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր, տեղում հանդիպել են այգետերերի, բողոքող քաղաքացիների հետ, զրույցների ընթացքում  քաղաքացիները ներկայացրել են գրավոր դիմում-բողոք, որի հիման վրա տեսչությունում նախատեսվել է իրականացնել ստուգում։

«Ստուգման ավարտից հետո, արդյունքների ամփոփումից հետո կկարողանանք տալ լրացուցիչ տեղեկատվություն։ Խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում»,-ասաց Նաիրա Աղաբաբյանը


Սյուզի Սիրականյան