Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն. Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն. Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին
Մշակույթ
20:14, 17 ноябрь 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:

«Ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են: Մեզ համար կարևոր է նաև ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին:  Ամեն տարի Հայաստանում մեծ հանդիսավորությամբ է նշվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը: Սա մեր կյանքի մի մասն է կազմում: Անգամ եթե մեզանից բոլորը չէ, որ խոսում են ֆրանսերեն, ֆրանկոֆոն ընտանիքին պատկանելու զգացումը և այդ ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը տրամաբանական հաջորդ քայլն է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և ընդգծել՝ այն, ինչ այս օրերին տեսել է մեր երկրում, բավականին տպավորիչ է:

«Հասցրել եմ լինել մի շարք մարզական և մշակութային հաստատություններում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Իսկապես, բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեք, և արդեն իսկ կարող եմ ասել՝ գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն: Արդեն իսկ բավականին լուրջ և տպավորիչ հայտ եք ներկայացրել: Լինելով Հայաստանում ու տեսնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը՝ ավելի քան վստահ ենք, որ ի զորու եք հոբելյանական 10-րդ խաղերն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան:

Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն ընդգծել է՝ 2027 թվականի խաղերն ընդունելու պատրաստակամությունը մշակույթի և սպորտի ռազմավարական զարգացման՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան կարևորել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը թույլ կտա էականորեն ավելացնելու ֆրանսախոս անձանց թիվը մեր հասարակությունում:

Դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կնեկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ: