Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այնպես չի, որ միայն արևելյան ուղղություններից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում․ վարչապետը՝ «Նեմեսիսի» հուշակոթողի առթիվ Թուրքիայի արձագանքի մասին

«Ես ուզում եմ վերադառնալ հայրենասիրության մեր մոդելին և խոսեմ այդ ընդհանուր համատեքստի մասին։ Հիմա մի դեպքում ասում ենք Լարսում շատ նեղ է տեղը, չենք կարողանում ապրանքներ արտահանել, և այդ անցակետերը բացվում են, փակվում են և այլն, և այնպես չի, որ տարբեր ուղղություններով մեր գնալ գալու վրա արձանները չեն ազդում։ Օրինակ՝ հարց, մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդտեղ մենք լուրջ պրոբլմներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ և այնպես չի, որ միայն արևելյան ուղղություններից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»,- այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Վարչապետը նշեց, որ ինքը նոր խոսում էր ռազմավարական ընտրության մասին, և պետք է հասկանանք, որ մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած և դա հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու։

«Դուք ասում եք՝ ուշացած էր այդ արձանը, ես հարց եմ տալիս, իսկ օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ,  ուզում եմ հասկանալ՝ դրանից, ինչը կտուժեր և ինչ կշահեինք մենք։ Այդ արձանի աղմուկի հետ կապված ես փորձեցի հասկանալ պատմությունը։ Այդ արձանը տեղադրվել  մի պարզ պատճառով, երբ որ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են՝ այդ նախաձեռնությունները եղել են 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի ապրիլի շրջանում, բոլորը մտածել են  որ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, մի րոպե, բա որ մենք չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանության մեջ, այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում, մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք, անընդհատ։ Կարևորը, որ մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել, բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկը չի խոսում»,- ասաց վարչապետը։

 Այնուհետև վարչապետն ասաց, որ կա պրոբլեմ, և այդ պրոբլեմը մեր պրոբլեմն է, իսկ նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, նրանք ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չունեն կամ, եթե ունեն նրանց պրոբլեմներն այդքան խորը չեն և մենք պետք է այս ամեն ինչի մասին կարողանանք ի վերջո խոսել։
 
Մանրամասները՝ տեսանյութում։