Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանը լոգիստիկ առումով շատ լավ կապված լինի աշխարհի հետ․ Վահան Քերոբյան

«Այո, որոշակի դժվարություններ ժամանակ առ ժամանակ առաջանում են Լարսի անցակետում, բայց պետք է ձեզ հիշեցնեմ, որ մի տարի առաջ Լարսի անցակետում ամեն ուղղության վրա երեք ճանապարհ կար, իսկ հիմա 11 ճանապարհ կա և դա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է մեր և մեր ՌԴ գործընկերների համատեղ աշխատանքի և սերտ աշխատանքի ես կասեի, որի արդյունքում հնարավոր եղավ բավականին կարճ ժամանակահատվածում գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էապես ընդլայնել թողութնակությունը»,-այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նաև նշեց, որ եթե պատգամավորը լիներ Լարսի անցակետում կարող էր նաև հասկանալ, թե որքան դժվար է այդտեղ մեծացնել անցուղիները, որովհետև կիրճը նեղ է և լրացուցիչ ինժեներական հնարքներ են հարկավոր, որպեսզի կարողանան դա անել։

«Մենք մեկ տարվա ընթացքում ավելացրել ենք երկրորդ մաքսազերծման զոնան՝ մի քանի 100 մեքենայով, էապես շատացրել ենք անցուղիների քանակը և միջինով, կարող եմ ասել, որ այսօր մենք ունենք անհամեմատ ավելի բարենպաստ վիճակ, քան մեկ տարի առաջ, երբ մեր մոտ 20-30 օրով էին մեքենաները կանգնում»,-ասաց Վահան Քերոբյանը։

Ի հավելումն նախարարը նշեց, որ ինքը չի ասում, թե գոհ է այսօրվա վիճակից, բնականաբար ոչ, իրենց նպատակն է այնպես անել, որ Հայաստանը լոգիստիկ առումով  շատ լավ կապված լինի աշխարհի հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում