Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակադեմիական քաղաք»-ը հետապնդում է մի շատ կարևոր խնդիր. նման քաղաքներն ունեն իրենց յուրահատուկ պահանջները

«Ակադեմիական քաղաք»-ը հետապնդում է մի շատ կարևոր խնդիր. նման քաղաքներն ունեն իրենց յուրահատուկ պահանջները
Գիտություն
13:00, 24 март 2024
Վերջերս Կոնսերվատորիայում մեկնարկել էր ստորագրահավաք՝ պատճառը վերջին օրերին իբրև թե շենքը վաճառելու, բուհը փակելու մասին տարածվող լուրերն էին։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ  ուսանողները դեմ էին  «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուն։ 
ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում տարածեց, որում մասնավորաապես ասված էր, որ   ԶԼՄ-ներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել էին թյուրընկալումներ աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ էր, ոչ թե միավորման կամ խոշորացման: Օրեր առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, իսկ եկամուտը գնա ակադեմիական քաղաք։ Այս մասին Civic.am-ը խոսեց երգահան Էդուարդ Զորիկյանի և  Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ 

Զորիկյանը նշեց, որ կցանկանար, որ Կոնսերվատորիան մնար  Երևանում․  «Որովհետև Երևան քաղաքում  շենքեր կան, որոնք քաղաքի համար շատ կարևոր են։  Ես առաջին հերթին չէի  ուզի, որ  համալսարանը  տեղափոխվի,  բայց  Կոնսերվատորիան էլ համալսարանի հետ հավասարապես կարևոր է Երևանի համար»։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ այն ուսանողները, որոնք սովորում են Կոնսերվատորիայում և Թատերական ինստիտուտում, նրանց կրթական համակարգի մեջ է ներառվում թատրոններ և  համերգասրահներ այցելելը ուստի նրանք պետք է գտնվեն մշակութային միջավայրում։ «Ավելին՝ հաճախակի նրանց դասերը անցկացվում են թատրոններում, իրենք մասնակցում են փորձերի, տեսնում են և ներգրավվում են ներկայացումների մեջ։ Ինչ վերաբերում է դասախոսներին՝ նրանք հիմնականում պրակտիկ արվեստագետներ են և  դա նշանակում է, որ աշխատում են թատրոններում, նվագախմբերում։ Կտրելով այդ մշակութային միջավայրից մենք դրանով իսկ պակասացնում ենք և թերի ենք դարձնում կրթությունը»։ 

Բաբայանը նշեց, որ «Ակադեմիական քաղաք»-ը  ողջունելի գաղափար է և հետապնդում է մի շատ կարևոր խնդիր՝ ուսանողների ամբողջ կրթական պրոցեսը անցնի մի տեղ․ «Սակայն նման քաղաքներն ունեն իրենց յուրահատուկ պահանջները՝ խոսքը գնում է, ոչ միայն լսարանների, այլ նաև հանրակացարաններ հյուրանոցային տիպի, սպորտային դահլիճներ, վարսավիրանոցներ, արագ սննդիր կետեր, կինոթատրոններ, համերգասրահներ, թատերական բեմեր և այլն»։

Հարցին թե, որ դեպքում կողմ կլինեք մշակութային բուհերի տեղափոխմանը ակադեմիական քաղաք Բաբայանն ասաց․ «Կարող եմ ասել, քանի որ նման օրինակ կա Փարիզում։ Այն կոչվում է «Փարիզի երաժշտության և պարի կոնսերվատորիա» և այնտեղ կան դերասանական ֆակուլտետներ։ Իմիջայլոց այդքան էլ հեռու չի  կենտրոնից, այնտեղ կան երաշժտական գործիքների թանգարաններ, համերգասրահներ, թատրոններ, երաժշտական դպրոցներ, քոլեջներ, բեմահարթակներ դա այսպես ասած երաժշտական, մշակութային կենտրոն է, որտեղ նույնիսկ լինում են տուրիստական տուրեր»։ 

Բաբայանը հավելեց, որ նման բաների մասին շուտ է մտածելը, բայց կարելի է քննարկել։ Քննարկման արդյուքնում է ստեղծվում լավագույն տարբերակը և յուրաքանչյուր գաղափար արժանի է քննարկման, իսկ  եթե ճիշտ ուղղությունով գնա կգտնվի լավագույն տարբերակը։ 
 
Աննա Դեինյան