Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ-ն կհաստատի՞ «մի շարք խախտումներով» ընտրված Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները․ մրցակիցը դիմել է դատարան

ԿԳՄՍ-ն կհաստատի՞ «մի շարք խախտումներով» ընտրված Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները․ մրցակիցը դիմել է դատարան
Գիտություն
18:15, 26 апрель 2021
Մարտի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվեց, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: 

Մինչ այժմ ԿԳՄՍ-ն պաշտոնապես որեւէ դիրքորոշում չի հայտնել։  Նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Civic.am-ի հետ զրույցում չհերքեց լուրերը, որ նախարարությունը հնարավոր է դրական եզրակացություն տա ընտրության արդյունքներին եւ ասաց, որ առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։

Ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացրել դատարան։ Նա Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռեկտորի ընտրության գործընթացին, ասաց, որ այդ ամենը ընտրություն կոչելը շատ սխալ է, քանի որ ամեն ինչ դեռ անցած ամռանը 3-4 հոգով հավաքվել եւ որոշել էին, որ այդ մարդուն պետք է կարգեն ռեկտոր եւ ամեն ինչ տարան այդ հունով։ 

«Ռեկտորի ընտրությունը դա միայն այդ օրը չէ, այլ մրցույթի մասին հայտարարելն է եւ այլն, որի ընթացքում մի շարք խախտումներ են տեղի ունեցել, որոնցից է այն, որ փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացված լիներ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին 7 օր առաջ, դա չեն արել։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ ասեք, թե քանի րոպեով ենք խոսելու եւ ինչ հերթականությամբ, իսկ մեզ ասում էին դա ընտրության օրը կասենք», - դժգոհեց Դավիթ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ գուցե սա ոմանց համար մանրուք թվա, բայց ցույց է տալիս, թե իրենք ինչ վերաբերմունք ունեին ոչ ցանկալի թեկնածուների հանդեպ։ «Այս ամենը իր կուլմինացիային հասավ մրցույթի երկրորդ փուլի օրը, երբ հաշվիչ հանձնաժողովի անդամը հայտարարեց, որ կան անվավեր քվեաթերթիկներ եւ ներքին քվեարկություններ են տեղի ունեցել, որից հետո հաշվիչ հանձնաժողովի երեք անդամներ հրապարակայնորեն հրաժարվեցին ստորագրել արձանագրությունը, բայց հետո հոգաբարձուների խորհրդին, իմ կարծիքով դիտմամբ, ներկայացրել են, որ այնտեղ կա երեք ստորագրություն, եւ խորհուրդը հաստատել է ընտրության արդյունքները, սակայն հաշվիչ հանձնաժողովն է անցկացնում ընտրությունները, բայց եղել է մի թուղթ երկու ստորագրությամբ, որը արձանագրություն չէ», - ասաց նա։

Խոսելով դատական հայցի մասին, Ղազարյանն ասաց, որ այս ամենով հանդերձ, քվեարկությունից հետո ինչ-որ ձեռագիր արձանագրություն են կազմել, փաստերը ներկայացրել են իրենց օգտին եւ միակողմանի, որը կներառվի դատական հայցում եւ ես լրացված կներկայացնեմ երկրորդ դատական հայցը։ «Առաջին հայցը մուտք է արվել, բայց վարույթ դեռ չի ընդունվել»։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ ԿԳՄՍ-ն կհաստատի ընտրության արդյունքները, ինչո՞վ է դա պայմանավորված, Ղազարյանն ասաց․ «Իմ համար անհասկանալի է, թե այդ ինչ տեղի ունեցավ։ Հարցի հասցեատերը, կարծում եմ՝ հենց նախարարն է, թե ինչ տեղի ունեցավ, որ նախ ըստ մամուլի՝ հակված էին չեղարկելու, որովհետեւ այնտեղ ուղղակի հաստատելու բան չկա։ Որքանով տեղյակ եմ՝ նախարարությունը եզրակացություն է տալիս Կառավարությանը, որը պետք է հաստատի կամ չհաստատի․ դրական եզրակացություն տալը ենթադրություն ունեմ, որ կապված է քաղաքական իրավիճակի հետ»։
 
Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վարդանյանը 2012-2017թթ․ եղել է նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:
 
Գեղամ Ադյան