Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային քննարկումը չավարտված՝ կառավարությունը հաստատել է 3 պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոը կարգը. ԵՊՀ-ն դատի կտա

Հանրային քննարկումը չավարտված՝  կառավարությունը հաստատել է 3 պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոը կարգը. ԵՊՀ-ն դատի կտա
Գիտություն
20:00, 05 май 2021
Երեկ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։
 
ԿԳՄՍ նախարարությունից  Civic.am-ին տեղեկացրին, որ այս նախագիծը քննարկման էր դրված 12 պետական բուհերի վերաբերյալ, որոնք ունեն հիմնադրամի կարգավիճակ, սակայն կառավարության կողմից ընդունված որոշումը չի վերաբերվում բոլոր բուհերին, այլ միայն՝ 3 բուհի, որտեղ կառավարման հետ կապված խնդիրներ կան և նպատակը բուհերի բնականոն գործունեությունն ապահովելն է՝  նոր հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու միջոցով։
 
 «ԵՊՀ -ում, Շիրակի պետական համալսարանում և Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ կառավարման ճգնաժամը օպերատիվ լուծելու համար, նախագծից՝ 12 բուհերի շարքից, առանձնացրել ենք 3 բուհի կանոնադրություններ, որոնք հաստատվել են կառավարության երեկվա որոշմամբ», - նշեց  ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

 Հիշեցնենք, որ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հայտարարություն էր տարածել և դեմ էր արտրահայտվել այս նախագծին։ Կայացված որոշման մասին այս համալսարաններին որևէ հիմնավորում ներկայացնելու մասով, տիկին Գրիգորյանը նշեց, որ  որոշման հիմնավորումները կան e-draft հարթակում։

Հարցին, թե՝ բացի վերոնշյալ 3 բուհերից, մնացյալ բուհերի առնչությամբ որոշում կայացնելու հարցում կարող է հանրային քննարկումն իր ազդեցությունն ունենալ, տիկին Գրիգորյանը նշեց, որ նախարարության դիրքորոշումն այն է, որ բոլոր բուհերում  միատեսակ քաղաքականություն իրականցվի․ «Եթե մայր բուհում արդեն փոխվել է կանոնադրությունը, հետևաբար, այդ քաղաքականությունը տարածվում է նաև այլ բուհերի վրա»։

Հարցին, թե այս դեպքում հանրային քննարկումն ինչի համար է կազմակերպվում, նա նշեց․ «Հանրային քննարկումն, այո, արվում է, և մենք կարծիքներ միշտ պատրաստ ենք լսելու և դրանց համապատասխան մեր հիմնավորումները ներկայացնելու»։

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ այս իրավիճակում համալսարանը պարտադիր դիմելու է դատարան․ «Քննարկումներ կան, անպայման լինելու է դատական հայց, բայց, թե ում անունից կլինի դա, չեմ կարող դեռ հստակ ասել։ Քննարկում կա, որ գուցե համալսարանը (ԵՊՀ - հեղ․) լինի»։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ կրկին  դեմ արտահայտվելով որոշմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել, սակայն, չգիտես ինչպես մայիսի 4-ին որոշումն ընդունվում է։ «Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։ Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում, և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ», - գրել է պարոն Խաչատրյանը:

Հիշեցնենք,որ Ազգային ժողովի կողմից ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը Հանրապետության նախագահը չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար, սակայն ԿԳՄՍ-ն e-draft հարթակում քննարկման է ներկայացրել մի շարք պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ։

ԿԳՄՍ-ի կողմից քննարկման դրված նախագծում առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։

Նշենք, որ հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով։

Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Համաձայն այս կարգի 3-րդ կետի՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումների նախագծերը պարտադիր ենթակա են հանրային քննարկման, սույն կարգով սահմանված ընթացակարգով, բացառությամբ ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի:
Համաձայն սույն կարգի 30- րդ կետի՝ հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման արդյունքում հանրային քննարկում իրականացնող մարմինն ընդունված առաջարկների հիման վրա կատարում է նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

Իսկ ըստ 26-րդ կետի՝ հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:
 
Սյուզի Սիրականյան