Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ում և՞ս ուսանողներին ուղղորդում են՝ դեմ քվեարկել ԿԳՄՍ-ի ներկայացրած նախագծին, որին դեմ են ռեկտորները

ԵՊՀ-ում և՞ս ուսանողներին ուղղորդում են՝ դեմ քվեարկել ԿԳՄՍ-ի ներկայացրած նախագծին, որին դեմ են ռեկտորները
Գիտություն
17:55, 04 май 2021
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ ԵՊՀ-ում ուսանողներին ուղղորդում են՝ դեմ քվեարկել ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված  պետական բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծին։ Ընդ որում, նախագիծը «հակասահմանադրական» որակելով՝ ուսանողներին նախ հորդորում են ակտիվ դիրքորոշում արտահայտել։ Ապա հորդորում դեմ քվեարկել

ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հետ մեզ չհաջողվեց կապվել։ Տեղեկությունը մեկնաբանելով՝ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը՝ որպես պաշտոնական պատասխան, նշեց, որ նման բան չի լսել ու չի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է այդպիսի բան անել համալսարանում․ «Ես չեմ պատկերացնում, որ ԵՊՀ ռեկտորից սկսած մինչև ուս․ խորհուրդ, դեկան և այլն, ուղղորդի ուսանողներին, որպեսզի իրենք ինչ-որ բան անեն, եթե դա ուսանողների ցանկությունը չի»։

Պարոն Տերյանը, միևնույն ժամանակ, նշեց, որ ինքն անձամբ դեմ է նախագծին՝ որակելով այն ծիծաղելի և հակասահմանադրական․ «Դա շատ ծիծաղելի նախագիծ է։ Երբ բոլոր փորձագետները, մասնագետները ասում էին, որ սա հակասահմանադրական է, Դումանյանը և մնացածները ասում էին, որ սա հրաշալի օրենք է։ Բայց հիմա օրենքը գտնվում է սահմանադրական դատարանում, և իրենք փորձում են մի հատ էլ կառավարության որոշմամբ դա անցկացնել»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը Հանրապետության նախագահը չէր ստորագրել՝ այն ուղարկեով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Ի դեպ՝ ուսանողներին ուղղորդելու հետ կապված տեղեկություն ստացել էնք նաև ԵԲԼՀ-ից, երբ համալսարանի ուսանողները ահազանգել էին, որ համալսարանում ՈՒԽ-ից սկսած մինչև դասախոսներ, ամբիոնի վարիչներ, բոլորին հրահանգավորվել  է կառավարության որոշումների փոփոխությունների փաթեթին դեմ քվեարկել և ուղարկել ապացուցող նկար։

Ըստ օրինագիծի՝ ԿԳՄՍ-ի կողմից քննարկման դրված նախագծում առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Նշենք, որ բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Իսկ առայժմ գործող որոշման համաձայն՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում ընդգրկվում են համամասնորեն՝ 25-ական տոկոս:

Փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ  ուրբաթ օրը տեղի էր ունեցել ռեկտորների խորհրդի նիստ։  Երեկ ArmLur.am-ը ներկայացրել էր ռեկտորների հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը.
    
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը.

հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի  տեսանկյուններից,
դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։

https://armlur.am/1103399/