Քաղաքացիակենտրոն
լրատվություն

57-ամյա լեգենդ Մայք Թայսոնը վերադառնում է ռինգ. մրցակիցն ու մենամարտի օրը հայտնի են

57-ամյա լեգենդ Մայք Թայսոնը վերադառնում է ռինգ. մրցակիցն ու մենամարտի օրը հայտնի են
Սպորտ
19:46, 08 март 2024
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը վերադառնում է ռինգ:

Այս մասին ծանր քաշային կարգում հանդես եկող բացարձակ չեմպիոն 57-ամյա Թայսոնը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում:

Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին Տեխասում: Այն հեռարձակվելու է Netflix-ով։

Երկաթե Մայքի մրցակիցը կլինի նախկին բլոգեր Ջեյք Փոլը, ով 2020 թվականից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա է սկսել։ Սկզբում նա մենամարտել է բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա բռնցքամարտի կանոններով անցկացրած մենամարտերում հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։

Ջեյք Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին, հաղթել Ռայան Բյուրլանդին և Անդրե Օգաստին:

Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո: 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, այն ավարտելով ոչ-ոքի: