Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջանք չի խնայվել, որպեսզի Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ լինի լավագույնը. Արայիկ Հարությունյան

Ջանք չի խնայվել, որպեսզի Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ լինի լավագույնը. Արայիկ Հարությունյան
Սպորտ
17:25, 13 апрель 2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
 
Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:
 
Ասուլիսի մյուս բանախոսներն էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
 
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Վստահ եմ, որ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք, ըստ էության, պատրաստ ենք, և կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ ենք ստանում:
 
Այսօր առավոտյան մասնակցել եմ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երևանում: Սա նույնպես մեծ իրադարձություն է, և եթե չեմ սխալվում, մենք նման իրադարձություն չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, ինչպես նաև այս առաջնության կազմակերպման փորձը թույլ են տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ և հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները և մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:
 
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ հայ մարզիկները բավականին բարձր նշաձող են դրել իրենց առաջ և ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել մարզասերներին լինել մեր մարզիկների կողքին և ոգևորել նրանց:  
 
Այս առաջնությունը կարևորվել է նաև այն առումով, որ մարզիկները մայրաքաղաք Երևանում Եվրոպայի լավագույն ծանրորդի տիտղոսը նվաճելուն զուգահեռ մրցելու են նաև Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշի համար:
 
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին իր խոսքում նշել է, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները գերազանցել են բոլոր ակնկալիքները և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:
 
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին իրականացված աշխատանքների համար: Մուհամմեդ Ջալուդի խոսքով, վերջին առաջնություններում Հայաստանի ծածանվող դրոշն ապացուցում է, որ երկիրը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի և այն առաջատար սպորտաձև է Հայաստանում:
 
Մուհամմեդ Ջալուդը նաև նշել է, որ այս առաջնությունը կարծես նշաձող լինի Հայաստանի համար, որը 2024 թվականի աշխարհի առաջնության համար հայտ է ներկայացրել և վստահություն հայտնել, որ բոլոր նախադրյալները կան այդ դիրքին հավակնելու համար:
 
Այնուհետև բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են եվրոպական չափանիշներին համապատասխան առաջնության անցկացմանը, մարզական միջոցառումների կազմակերպման նոր ստանդարտներ սահմանելու գործում Հայաստանի դերին, 2024թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությանը: Մանրամասներ են ներկայացվել բացման արարողության, անվտանգության ապահովման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման հետ կապված հարցերի շուրջ: