Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը դեռևս 2018-ին էր ցանկանում հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին․ Բոլթոն

Թրամփը դեռևս 2018-ին էր ցանկանում հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին․ Բոլթոն
Աշխարհ
23:10, 19 февраль 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, եթե վերընտրվի, կձգտի ՆԱՏՕ-ի փաստացի վերացմանը, որից նա արդեն իսկ ցանկանում էր դուրս գալ․ ասել է Ջոն Բոլթոնը, որն ավելի քան մեկ տարի ծառայել է որպես ԱՄՆ 45-րդ նախագահի ազգային անվտանգության խորհրդական․ գրում է Ռիա Նովոստին։

Washington Post-ին տված հարցազրույցում նախկին խորհրդականն անդրադարձել է 2018 թվականի հուլիսին Բրյուսելում կայացած դաշինքի գագաթնաժողովին։ Բոլթոնի խոսքով՝ ինքը և պետքարտուղար Մայք Պոմպեոն մինչև վերջին պահը չգիտեին՝ արդյոք Թրամփը մտադի՞ր է «պայթեցնել» ՆԱՏՕ-ն։

Բոլթոնը հիշում է, որ Թրամփն իրեն կանչել է ձվաձև սեղանի մոտ, որտեղ նստած են եղել համաշխարհային առաջնորդները․․

«Արդյոք հիմա՞ մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից ու պատմություն կերտենք, – հարցրել է Թրամփը՝ պատրաստվելով խոսել։ Բոլթոնն առաջարկել է Թրամփին «մոտենալ սահմանագծին, բայց չհատել այն»:

Նախկին խորհրդականը նաև ասել է, որ իր կարծիքով, Թրամփը կփնտրի դաշինքը քանդելու միջոց, եթե վերընտրվի։ «Նա երբեք չի կորցրել ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկությունը», - թերթին ասել է Թրամփի նախկին խորհրդականը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերջերս ևս մեկ հայտարարություն էր արել ՆԱՏՕ-ի հետ կապված, որը, բառի բուն  իմաստով, ցնցել էր Սպիտակ տունը։ Նա մասնավորապես ասել էր, որ կխրախուսի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել դաշինքի հանդեպ ֆինանսական պարտավորությունները․ ապա դարձյալ սպառնացել դուրս գալ ՆԱՏՕ-ից։
 
Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ը դուրս չի գա ռազմական բլոկից՝ անկախ նոյեմբերին նախատեսված ամերիկյան ընտրությունների արդյունքներից։


Անահիտ Խաչատրյան