Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդե՞ն, թե՞ Թրամփ՝ ո՞վ է Մոսկվայի համար ավելի նախընտրելի. Պարզաբանել է Պուտինը

Բայդե՞ն, թե՞ Թրամփ՝ ո՞վ է Մոսկվայի համար ավելի նախընտրելի. Պարզաբանել է Պուտինը
Ռուսաստան
12:59, 15 февраль 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Մոսկվայի համար ավելի նախընտրելի է Ջո Բայդենը, ոչ թե Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա ասել է ВГТРК-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Զարուբինը Պուտինին հարցրել է. «Ո՞վ է մեզ համար ավելի լավ՝ Բայդե՞նը, թե՞ Թրամփը»: 

«Բայդենը: Նա ավելի փորձառու մարդ է, կանխատեսելի է, հին ֆորմացիայի քաղաքական գործիչ է։ Բայց մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած առաջնորդի հետ, ում կվստահի ամերիկացի ժողովուրդը»,- պատասխանել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահին նաև հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Բայդենի առողջական վիճակի մասին լուրերին։ Պուտինի կարծիքով՝ դա կապված է այդ թվում նաև ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի հետ։

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ում ներքաղաքական քարոզարշավը, նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում: Այն ձեռք է բերում ավելի ու ավելի սուր ձևեր։ Եվ մեր կողմից այս գործընթացին միջամտելը պատշաճ չէ։ Լսեք, ես հանդիպել եմ Բայդենի հետ Շվեյցարիայում, դա երեք տարի առաջ էր։ Այն ժամանակ արդեն ասում էին, որ նա անգործունակ է։ Ես նման որևէ բան չտեսա։ Դե, այո, նա նայեց իր թղթին, ես նայեցի իմին։ Ոչ մի այդպիսի բան։ Իսկ այն, որ նա ինչ-որ տեղ ուղղաթիռից դուրս գալիս գլուխը խփել է, դե... Մեզնից ով ինչ-որ տեղ գլուխը չի խփել, թող առաջինը քար նետի նրա վրա»,- ասել է ՌԴ նախագահը: 

Նա հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ վարչակազմի ներկայիս դիրքորոշումը «չափազանց վնասակար է և սխալ»։ «Եվ ես այդ մասին ժամանակին ասել եմ նախագահ Բայդենին», - եզրափակել է Պուտինը: