Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի ընտանիքը՝ հերթական օֆշորային սկանդալի կենտրոնում. azatutyun.am

Ադրբեջանի նախագահի ընտանիքը՝ հերթական օֆշորային սկանդալի կենտրոնում. azatutyun.am
Աշխարհ
14:38, 04 октябрь 2021
Պուտինի, Ալիևի և աշխարհի հարյուրավոր այլ առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և ակտիվները հայտնի են դարձել պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկի շնորհիվ: Նոր օֆշորային դոսյեն կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»:

Ավելի քան 650 լրագրողներ՝ Հետաքննող լրագրության միջազգային կոնսորցիումի գլխավորությամբ, ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք ներառում են պետությունների ներկա և նախկին երեք տասնյակից ավելի ղեկավարների և ավելի քան 300 պաշտոնյաների: Նոր դոսյեն շարունակում է վերջին 7 տարվա ավանդույթը, երբ օֆշորային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը մի քանի անգամ արտահոսել են հանրային տարածք, օրինակ՝ Պանամայի դոսյեն: Խոսքը, մասնավորապես, Բրիտանական Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Շվեյցարիայում գործող ընկերությունների արտահոսքի մասին է: Դոսյեի ընդգրկած որոշ անուններ արդեն հայտնվել էին կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու կասկածների հետ կապված սկանդալներում:

«Պանդորայի փաստաթղթերում» հազարավոր փաստաթղթեր վկայում են այն մասին, թե ինչպես են տարբեր քաղաքական գործիչներ, օգտագործելով օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները, հսկայական քանակի անշարժ գույք գնել և վաճառել։

BBC-ն, մասնավորապես, բերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրինակը։ «Պանդորայի փաստաթղթերի» համաձայն՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը, որը պարբերաբար միջազգային մամուլում մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ, ներգրավված է եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույքի գործարքներում:

Օրինակ՝ Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, ստացել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ՝ վաճառելով Լոնդոնում իրեն պատկանող շենքերից մեկը Բրիտանիայի թագուհուն պատկանող Crown Estate ընկերությանը:

«Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի առաջնորդ Ալիևի ընտանիքը ձեռք բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար բիզնես կենտրոն, որի արժեքն էր 33 միլիոն ֆունտ ստեռլինգ: Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings ընկերությունը, որը 2009 թվականից պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդար Ալիևի անունով:

Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք:

Crown Estate-ը պարզաբանել է լրագրողներին, թե բոլոր անհրաժեշտ, օրենքով նախատեսված ստուգումները կատարվել են, և այժմ նոր ստուգումներ են ընթանում։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին տարիներին բազմիցս հայտարարել են, թե պայքարում են բրիտանական անշարժ գույքը փողերի լվացման սխեմաների համար օգտագործելու դեմ և համապատասխան ստուգումներ են անցկացնում։ BBC-ի լրագրողները, սակայն, բերելով Ալիևների օրինակը՝ գրում են, որ իշխանություններն իրենց խոստումները չեն կատարում։

Աղբյուր՝ azatutyun.am