Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ստոլտենբերգը՝ Բուխարեստում ԱԳ նախարարների հանդիպմանը

ՆԱՏՕ-ն չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Ստոլտենբերգը՝ Բուխարեստում ԱԳ նախարարների հանդիպմանը
Աշխարհ
14:04, 29 ноябрь 2022
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Բուխարեստում՝ քննարկելու Ուկրաինային օգնության հետագա ձևերն ու ծավալները ռուսական ագրեսիան հետ մղելու համար, փոխանցում է BBC-ն։

Բացելով հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի ներխուժումից պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը։ Նա ընդգծել է, որ դաշինքը «չի մասնակցում այս հակամարտությանը», սակայն նրա անդամները Ուկրաինային «աննախադեպ աջակցություն» են ցուցաբերում, որպեսզի նա կարողանա պաշտպանվել Ռուսաստանից։

Ստոլտենբերգը մեղադրել է Ռուսաստանին «դաժանության ալիքներն» ավելացնելու մեջ, ինչպես նաև հիշատակել է այն ֆինանսական բեռը, որն ընթացող պատերազմը դրել է Եվրոպայի և աշխարհի այլ երկրների վրա։ 

Դաշինքի ղեկավարը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, քանի որ դա կխթանի, որ Վլադիմիր Պուտինն ու մյուս ավտորիտար առաջնորդներն ավելի ինքնավստահ դիմեն ուժի կիրառմանը՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն կանի Ուկրաինային «զգալի» ֆինանսական օգնության մասին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվի նաև ռազմական օգնության ավելացումը՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, զինամթերքը, վառելիքը, դեղորայքը և ձմեռային սարքավորումները: