Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտոնական Բաքուն պատասխանել է երեկ Մյունխենում ՀՀ վարչապետի արած հայտարարություններին

Պաշտոնական Բաքուն պատասխանել է երեկ Մյունխենում ՀՀ վարչապետի արած հայտարարություններին
Տարածաշրջան
12:43, 19 февраль 2024
Պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արած հայտարարություններին և համարել, որ դրանք «մոլորեցնում են միջազգային հանրությանը»: 

 «Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը աջակցություն չի ստանում միջազգային հանրության կողմից, ևս մեկ անգամ անուղղակիորեն հաստատում է, որ հայկական կողմի հավակնությունները դեռ շարունակվում են։ Այս առումով անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջներ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Ադրբեջանն է խախտել Եռակողմ հայտարարությունը, Բաքուն համարում է, որ դա «չունի հիմնավորում»: Նրանց խոսքով՝ «Հայաստանը, հակառակ իր պարտավորությունների, դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել կոմունիկացիաների բացման իր պարտավորությունը»։

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման միջով՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման և հարգման վրա, ինչպես նաև Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցություններով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։