Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարություններին

Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարություններին
Տարածաշրջան
18:23, 15 февраль 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին և դրանք անվանել «անհիմն մեղադրանքներ՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ստեղծմանը»:

Անդրադարձ կատարելով փետրվարի 12-ին Ներքին Հանդում տեղի ունեցածին, որի հետևանքով, հիշեցնենք, հայկական կողմից 4 դիրքապահ է զոհվել, Ադրբեջանի ԱԳՆ-ն հարց է բարձրացրել, թե ինչու «Հայաստանի ՊՆ-ն մինչ այժմ չի կատարել ադրբեջանցի զինծառայողի վիրավորման վերաբերյալ հետաքննություն անցկացնելու իր խոստումները, ինչպես նաև չի պարզաբանել այն հարցը, թե ինչի հիման վրա են «տարբեր ռազմական խմբերից վարձկաններ» գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարության սահմանային կետերում»։ 

Մեկնաբանելով անկլավների և էքսկլավների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հիշեցրել են, որ Հայաստանը իբր «պարտավորություններ ունի ադրբեջանական ութ գյուղերի վերադարձի հետ կապված», իսկ ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն համարել է «քաղաքական մանիպուլյացիա»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «ՀՀ Սահմանադրության մեջ, գործող օրենսդրական ակտերում, պաշտոնական նամակներում առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ»: «Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության գործընթացով, նա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ: