Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ-ն մեզ երբեք չի ընդունի. Մենք մեր առջև անհասանելի նպատակներ չենք դնում». Ալիև

«ԵՄ-ն մեզ երբեք չի ընդունի. Մենք մեր առջև անհասանելի նպատակներ չենք դնում». Ալիև
Տարածաշրջան
13:22, 25 апрель 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և Կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունը երբեք չի եղել Ադրբեջանի նպատակը։

«Մենք երբեք մեր առջև անհասանելի նպատակներ չենք դնում: Այդ իսկ պատճառով ԵՄ-ին անդամակցությունը երբեք չի եղել մեր նպատակը, քանի որ մենք հստակ հասկացել և հասկանում ենք, որ դա իրատեսական չէ։ Դա երբեք տեղի չի ունենա, նույնիսկ եթե մենք անենք այն ամենը, ինչ նրանք պահանջում են,- հայտարարել է նա և վկայակոչել Թուրքիայի օրինակը:- Բազմաթիվ երկրներ ԵՄ անդամ են դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան դարձել է թեկնածու։ Սակայն Թուրքիան այդպես էլ չի ընդունվել միության մեջ, միայն այն պատճառով, որ երկրի բնակչությունը բաղկացած է մուսուլմաններից: Եկեք շատ անկեղծ լինենք, մենք շատ բաց ենք խոսում։ Ասել, որ Թուրքիան չի համապատասխանում որևէ չափանիշի, բացարձակապես անհիմն է։ …Դա գործոն էր, և մենք դա հասկանում ենք: Մենք նույնպես մուսուլման ենք։ Նրանք մեզ երբեք չեն ընդունի։ ...Ինչո՞ւ պետք է պնդենք։ Եկեք մշակենք համագործակցության փոխընդունելի մեխանիզմ։ Եվ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ էինք դրան, շատ մոտ էինք մինչև այն պահը, երբ վերջերս տեսանք, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու յուրովի փորձեր կան: Հենց այդ պատճառով մենք մեր մտահոգությունը հայտնեցինք Եվրահանձնաժողովի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի վարչապետի բրյուսելյան աննախադեպ հանդիպման կապակցությամբ»,- ասել է Ալիևը։